Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է կարծում, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ ստեղծողները լրագրողներն են: Նրա խոսքով` իր անձով եւ գործերով հետաքրքրված է «մի 100 լրագրող»: «Ի՞նչ կարաս անես նրանց դեմ»,- ասում է «հուսահատված» մարզպետը: Եվ չնայած «գաղջ մթնոլորտի ստեղծմանը»` մարզպետի պաշտոնում աղմուկով վերանշանակվելու, Գորիսի արյունոտ միջադեպի և մի քանի այլ հարցերի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանը օրերս Կապանում զրուցեց yerkir.am-ի հետ:
- Ինչո՞ւ որոշեցին Ձեզ վերանշանակել:
- Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:
-Ասում են` մարզպետի պաշտոնում վերանշանակվելը Ձեր երազանքն էր:
-Ճանապարհներով որ եկար, չէ՞, տեսար, չէ՞, ճանապարհների դժվարությունը: 2003-ից` պատգամավոր, 2004-ից` մարզպետ... Պատկերացրեք` էս ճանապարհներն ինչ բարդ են, ամեն օր պետք ա անցնենք, այսինքն` նման դժվարությունը դա երազանք չի, դա տառապանք ա: Բայց կա մեկ ուրիշ խնդիր` որ քո ժողովրդի հետ պետք է գործ ունենաս, քո ժողովրդին ծառայես, դա միանգամից հաճույք ա դառնում: Դե, եթե հնարավորություն ունես, և եթե առիթ է ընձեռված` ժողովրդին ծառայել, չպետք ա դա բաց թողնես: Եթե հնարավորություն կա նորից ժողովրդին ծառայելու, կարծում եմ, որ ինձ նման մարդը երբեք չի հրաժարվի, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ճանապարհները դժվար են` սար ու ձոր են:
-Այսինքն` ժողովրդին ծառայելու ձիրքը Ձեզ ի վերուստ է տրված:
-Երևի ի վերուստ էր տրված, էլի:
-Ասում են, որ մեծ գումարներ եք վճարել պաշտոնի համար:
-Դա անհեթեթություն է: 1988-ից սկսած` բոլորն ինձ ճանաչում են, ինձ համար խի՞ պետք ա ինչ-որ մեկը միջնորդեր, կամ գումար առաջարկեի, ես դրա իմաստը չեմ հասկանում:
-Վերանշանակման հարցն անձա՞մբ եք քննարկել նախագահի հետ:
-Խոսել ենք, բնականաբար, նախագահը, իմանալով իմ աշխատաձևը, իմ նկատմամբ ունենալով վստահություն, որոշել է, որ ես նորից շարունակեմ աշխատանքը: Այստեղ կա ընդհանուր խնդիր: Իմ` աշխատանքից հեռանալն իրա բուն պատճառն ուներ: Որպեսզի էդ հունիսի 1-ի դեպքերի վրա ի պաշտոնե ազդեցություն չունենայի, կամ որևիցե ձև չշահարկվեր, ես` ինքս, դիմում գրեցի, որպեսզի որևէ մեկը քննության վրա ցեխ չշպրտի, չասեն, թե մարզպետի պաշտոնը կարող ա օգտագործի:
-Այդ դեպքում ինչո՞ւ չսպասեցիք մինչև այդ գործով վերջնական դատական ակտ կայացվեր: Չէ՞ որ հնարավոր է` այլ մեղադրյալներ ի հայտ գային:
- Դատախազությունն էդ գործը կարճել ա, հիմա դատական խնդիրներն իրանց հերթին գնալու են: Դատարանն անկախ մարմին ա, ես չեմ էլ կարա դատարանի վրա ազդեցություն ունենամ:
-Վերանշանակումից հետո մի հայտարարության ժամանակ շնորհակալություն էիք հայտնել մարզի 4 կարևոր «սյուներին»` նշելով, որ նրանց հետ համագործակցել եք և շարունակելու եք համագործակցել: Նրանց թվում հիշատակել էիք կայազորի հրամանատարին, ազգային անվտանգության ծառայության պետին, դատախազին, դատարանի նախագահին: Դրանով, ըստ էության, նրանց անկախությունը կասկածի տակ եք դնում:
-Դատարանի մասին չենք խոսել: Ուրեմն դա բանակային առաջին կորպուսն ա, ազգային անվտանգությունն ա, ներքին գործերի վարչությունն ա (նկատի ունի 4 «սյուները»- խմբ.), որոնց հետ համագործակցել ենք` ի շահ մարզի: Ես չեմ ուզենա, որ դա կապեք մեկ ուրիշ խնդրի հետ: Մենք մարդկանց հետ 9 տարուց ավելի աշխատել ենք, մեր համագործակցությունը բխում է մարզի շահերից, այսինքն` իմ և դատարանի միջև համագործակցություն չի կարող լինել, նույնն էլ ոստիկանության, իմ և զինված ուժերի և ԱԱԾ-ի մեջ կարող է լինել:
-Գորիսի միջադեպը…
-Խոր ողբերգություն էր և’ մեր, և’ իրենց ընտանիքի համար: Էլ հարցեր մի' տվեք, թեման փակի, առաջ անցի:
-Ընտանիքում խի՞ստ հայր եք:
-Եթե մարդ իր ընտանիքը չի կարա ղեկավարի` փոքր կոլեկտիվ էլ չի կարա ղեկավարի:
- Պատժո՞ւմ եք Ձեր տղաներին:
-Իհարկե, ինչքան ես սաղ եմ, տենց կլինի` եթե իրանք ոչ ճիշտ արարք ունենան, իհարկե, կպատժեմ:
-Վերջերս Ձեր որդու մասնակցությամբ Գորիսում վթար եղավ: Պատժե՞լ եք Տիգրանին դրա համար:
- Իմ որդին ըտեղ ընդհանրապես կապ չի ունեցել, և էդ ժամանակ ինքն էդ տարածքում չի եղել: Ինչ-որ մեկին պետք էր տենց ասել` ասեց: Ամեն ինչ ապացուցված ա, փաստերը լրիվ կան:
- Գորիսի անտառտնտեսության նախկին պետն (վթարին մասնակից Վահագն Հայրապետյանի հայրը- խմբ.) ասել է, որ Ձեր որդին է «Նիվա»-ի ղեկին եղել:
-Վահագնի հերն էնտեղ չի եղել, ինքն ի՞նչ գիտեր` ով ա եղել ղեկին:
-Բայց Դուք էլ էնտեղ չեք եղել, որտեղի՞ց գիտեիք, որ Ձեր որդին այնտեղ չէր:
- Ես գիտեմ, որ իմ որդին էնտեղ չի եղել և դեպքի հետ որևէ առնչություն չի ունեցել, որովհետև իմ որդին իմ հետ հետ էր գալիս Երևանից:
-Տարեկան քանի՞ մարդ է արտագաղթում Սյունիքից:
-Եթե վերցնենք 1991-1993 թթ. ցուցանիշը` կարելի է ասել 15 հազար մարդ վերադարձել է: 2004-ից հետո ներգաղթը շատ է:
-Իսկ 2013-2014 թվականների՞ն:
-Գուցե շարժը նկատվում է (նկատի ունի արտագաղթը- խմբ.), բայց ես համոզված եմ, որ այդ շարժը մեկ տարի հետո կդադարի, և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ստեղծենք պայմաններ, որպեսզի դրսի մարդկանց գայթակղենք և նրանք հետ վերադառնան:
-Ձեր վերանշանակումից հետո գործարարներից մեկը հայտարարեց, որ այլևս Սյունիքում ներդրում չի անելու: Ձեզ չի՞ մտահոգում, որ դա մյուսների համար օրինակ դառնա:
-Դա մեկն էր, ով ըսկի պատկերացնում չի կազմում` ներդրումն ինչ ա իրանից ներկայացնում: Մյուս գործարարները պատրաստ են, արդեն ունենք բազմաթիվ պայմանավորվածություն, կարծում եմ` գարնանն այդ գործարարները կգան և ներդրումներ կանեն:
-Ասում են նաեւ, որ վերանշանակումից հետո սև ցուցակ եք կազմել և պատրաստվում եք աշխատանքից ազատել ոչ յուրայիններին:
-Չարագործ մարդկանց մի’ լսեք: Սև ցուցակը որն ա, սպիտակ ցուցակը որն ա, ես ցուցակ չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ունենալու: Ես ունեմ աշխատելու ոճ, ով կարացավ աշխատի` շարունակելու ենք աշխատել, ով չկարողացավ` իր տեղը զիջելու է ուրիշին:
-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի հետ:
-Ընդհանրապես հարաբերութուն չունեմ: Ժամանակին համագործակցություն եղել ա: Սազը վերցրած` քանի տարի գովքս էր երգում, էդ դեպքերից հետո փոխվեց: Երբ որ Գորիսի համալսարանն ինքնուրույն դարձավ, կարծես իրա դերն էլ բարձրացավ, ինքն էլ էդ ամեն ինչը թողեց, չգիտես` ինչու, էդ ամեն ինչը մոռացավ: 20 տարի սազը ձեռքին գովքս էր երգում, հիմա ոնց որ թե փոշմանեց:
-Մարզում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են:
-Միշտ էլ լինում են պաշտոնանկություններ, երբ որ մարդն իր ա տեղում չի, չի կարում իր գործն անի: Եթե մարդ չի կարում աշխատի` պետք է իր տեղը զիջի ուրիշին:
- Աչքի տակ ունե՞ք մարդիկ, ովքեր չեն արդարացնում իրենց, և որոնց հնարավոր է ազատեք:
-Էս պահին չկան:
- Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված Ձեր նկատմամբ հանրության հետաքրքրությունը:
-Ես էլ եմ ուզում այդ հարցը Ձեզ տամ` խի՞, Ձեր կայքում էլ ա մշտապես շրջանառվում իմ անունը, խի՞, պատճառը ո՞րն ա: Ոչ մի բան էլ չեմ արել բացի լավից, մենակ արել եմ լավ ու բարի գործեր, մշտապես կանգնել եմ բոլոր շերտերի` սոցիալապես անապահովի, պատերազմից տուժածի, զոհված ազատամարտիկների, մտավորականների կողքին: Չգիտեմ պատճառը, որ քեզ ասեմ, դա լրագրողների հետաքրքրությունն ա, ոչ թե հանրության: Նենց չի, որ ես թերություն չունեմ, սխալ քայլ չունեմ, նենց չի, որ կարելի ա ամեն մի թեթև սխալն ամեն օր դարձնել շահարկման առարկա: Օրինակ` մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած վթարի մեկ տոկոսն անգամ կապված լիներ ինձ հետ, պատկերացնում եք, չէ՞, ինչ կլիներ: Լրագրողների արածն ա սաղ, հանրությանը մի' կապի:
-Երեւի շատ եք նեղվում դրանից…
-Հոգնում եմ, հիասթափվում, բայց ի՞նչ կարող եմ անել, հիմա իրանց թիվը 100 ա, դրանց դեմ ի՞նչ կարող ես անել:
-ՀՀ-ում արտահերթ ընտրությունների են պատրաստվում, պատրա՞ ստ եք:
-Չի լինի, մի’ մտահոգվի:
-Եթե մի գեղեցիկ օր լքեք մարզպետի աթոռը, ինչո՞վ կզբաղվեք:
-Բիզնեսով, ուրիշ ի՞նչ գործունեությամբ պետք ա զբաղվեմ: Բիզնեսն էլ ա պատվաբեր գործ, նենց չի, որ բիզնեսը եսիմ ինչ ա: Եթե էսօր կարողանաս 10 հոգու համար աշխատատեղ ստեղծես, էդ 10 ընտանիքի կողմից օրհնություն կստանաս` հեչ որ չէ...
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ