կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-24 05:18
Հասարակություն

Քարվաճառի հիվանդանոցի ծեծկռտուքը՝ բժիշկների մեկնաբանությամբ

Քարվաճառի հիվանդանոցի ծեծկռտուքը՝  բժիշկների մեկնաբանությամբ

Շաբաթ օրը Քարվաճառի շրջանային հիվանդանոցում ծագած վիճաբանության մասին համացանցում հայտնված տեղեկությունների պարզաբանման նպատակով՝ այսօր ԵՐԿՐԻ-ի թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանից:

 

Նա չի հերքել, որ վիճաբանություն է եղել շրջանի սոցապահովության բաժնի պետ Նորայր Աստվածատրյանի և նրա եղբոր միջև: «Դա եղել է հիվանդանոցի հերթական արարքը: Երկու բժիշկներն էլ հարբած վիճակում էին: Իր կինը հղի և ծանր վիճակում բերել էր այնտեղ (խոսքը Նորայր Աստվածատրյանի մասին է.-հեղ.) ու երկու բժիշկներն էլ ոտքի վրա կանգնել չեն կարողացել: Ցանկացած մարդ էլ չէր կարող լռել: Կոնֆլիկտը այդտեղից է սկսվել»,- ասել է Վիտալի Դանիելյանը: Իսկ դա թույլ է տալի՞ս ձեռք բարձրացնել բժիշկների վրա հարցին՝ ի պատասխան նա նշել է. «Ոչ, թույլ չի տալիս, բայց ամեն դեպքում դրա մասին դեռ կխոսենք: Կպարզենք, տեսնենք ո՞նց է դա եղել»:

 

Իսկ երբ ԵՐԿԻՐ-ի թղթակիցը հիշեցրել է, որ նույն Նորայր Աստվածատրյանը ձեռք է բարձրացրել նաև Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի վրա, Վիտալի Դանիելյանը անդրադարձել է. «Քանանյանի մասին, ճիշտն ասած, նոր եմ լսում: Կոնֆլիկտը նրա հետ կապ չունի: Մինչ այդ, որ եղել է, կոնֆլիկտ չէր, նրանք ուղղակի իրար չեն հասկացել, քանի որ միջնորդը ուրիշ պետք է լիներ, ուրիշ մարդ պետք է այդ ապրանքը ստանար, ոչ թե Քանանյան Ալեքսը: Այդտեղ ձեռք բարձրացնել չի եղել»,- վստահեցրել է Վիտալի Դանիելյանը:

 

ԵՐԿԻՐ-ի թղթակիցը փորձել է կապվել նաև մյուս երկու բժիշկների հետ: Հեռախոսազրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հայկ Պետրոսյանը վստահեցրել է, որ հարբած չի եղել, խմել է ընդամենը 1-2 բաժակ օղի: «Մեկ ամսից ավել է, ապրում և աշխատում եմ հիվանդանոցի սենյակում, և բնական է, որ իրավունք ունեմ իմ ժամանակը տնօրինել՝ ինչպես ուզում եմ: 1-2 բաժակ խմելը՝ չի նշանակում, որ հարբած եմ եղել»: Նրա խոսքով, ծննդկանի վիճակը բարդ է եղել, հանձնարարել է ճշտել հղիության ժամկետը, քանի որ հնարավոր է սխալ են հաշվարկած լինեին: «Հնարավոր է կինն ու ամուսինը խնդիրներ ունեն ժամանակի հետ կապված»՝ արտահայտությունն էլ, գլխավոր բժշկի հավաստմամբ, դարձավ վիճաբանության պատճառը: Այդտեղից էլ սկսվեց վեճը, հայհոյանքը՝ հիվանդանոցի անձնակազմի հասցեին: Ըստ գլխավոր բժշկի, իր վրա ձեռք բարձրացնող չի եղել, հնարավոր է ետևից փորձել են դույլը իր վրա շպրտել, ինքը չի նկատել:

 

Մյուս բժիշկը` Ստեփան Սարգսյանը, պնդեց, թե իր վրա էլ ձեռք բարձրացնող չի եղել, դույլը շպրտել են տնօրենի կողմը, կպել է բուժքրոջը: Սակայն նա էլ չհերքեց, որ սոցապահովության բաժնի պետն ու եղբայրը հայհոյել են բժիշկներին:

 

Բժիշկները հաստատեցին՝ ոստիկաններ հիվանդանոց եկել են, հարցաքննել, ճշտել մանրամասներ ու գնացել:

 

Տեղեկացնենք նաև, որ հիվանդանոցի բուժանձնակազմը, առանց գլխավոր բժշկի, ժողով է հրավիրել, կազմվել է արձանագրություն, որը նույնպես հայտնվել է համացանցում: Արձանագրության մեջ նշված է. «Ժողովին մասնակցեցին 12 աշխատակիցներ. լսեցին նոյեմբերի 20-ի, ժամը՝ 20-ի սահմաններում հիվանդանոցում կատարված միջադեպի մասին: Ներկաների կարծիքն այն է, որ բուժակ Գոռ Աստվածատրյանի ոչ բուժաշխատողին վայել պահվածքի հետևանքով մոտ 30 րոպե խաթարվել է հիվանդանոցի անդորրը: Այն դրդել է իր հարազատներին և անձամբ ինքը խուլիգանական արարքներով և հայհոյանքներով հարձակվել են տնօրենի վրա, եղբայրը դույլով հարվածել է տնօրեինին, որի պատճառով տուժել է Ռիմա Չիլինգարյանը: 30 րոպե շարունակ հիվանդանոցի բակում հազար ու մի հայհոյանքների տարափ են թափել բժշկների և բուժաշխատողների հասցեին: Բացի վերոհիշյալից, մինչև այսօր շարունակվում են սպառնալիքները: Ժողովը որոշեց Գոռ Աստվածատրյանի հետագա աշխատանքը համարել անհանդուրժելի, որի համար ստորագրում ենք՝

 

1. Գոհար Ազատի Քոչարյան (Վիրաբյան)
2. Ստյոպա Գուրգենի Սարգսյան
3. Գայանե Վոլկովի Սարգսյան
4. Ալմաստ Գերասիմի Գալստյան
5. Վարդիթեր Ալբերտի Սևյան
6. Մարգո Նիկոլայի Լալայան
7. Անդրանիկ Նիկոլայի Շահնազարյան
8. Մկրտչյան Էլմիրա Հովհաննեսի
9. Բաղիյան Արմինե Ալեքսանդրի
10. Չիլինգարյան Ռիմա Ասքանազի
11. Քելյան Զվարթ»: