կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 14:12
Քաղաքական

Պետք է գալ ընդհանուր հայտարարի. Հովհաննես Սահակյան

Պետք է գալ ընդհանուր հայտարարի. Հովհաննես Սահակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադարձավ ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով համաձայնության ձախողմանը:

Պատգամավորը նշեց, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ ինքն էլ է մտահոգություն հայտնել, որ եթե անգամ 10 մատնահետքի ամրագրման հարցը տեխնիկապես հնարավոր է, սակայն ժամանակային և կազմակերպական առումով հնարավոր չէ այն իրագործել, քանի որ փոքր ժամանակահատվածում հնարավոր չէ տեղեկատվական բազան 90 տոկոսով հավաքել: Այնուամենայնիվ, վստահության հարցին ընդառաջ գնալու համար իշխանությունները եկան ընդհանուր հայտարարի` ընդունելով ԸՕ լրացուցիչ երկու օրենք, որոնցից մեկն ընդունվեց պայմանով, մյուսը` առանց պայմանի:

Պատգամավորի խոսքով` բոլորի խնդիրն այս պահին ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն համաձայնության հարցը պետք է լինի, որովհետև 2017-ին շատ կարևոր ընտրություններ են լինելու` ընտրվելու է նոր Ազգային ժողով, որն էլ ձևավորելու է ողջ իշխանական բուրգը` նախագահ, վարչապետ, պետական անկախ մարմինների ղեկավարներ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ քննարկումները` գտնելով այն ընդհանուր եզրերը, որի շուրջ պետք է համախմբվենք` լինի ցուցակների հրապարակում, թե` այլ մեթոդ: Չեմ ուզում դեռ փակագծերը բացել, եթե ընդհանուր եզրահանգման գանք` ցուցակների հրապարակման և այլ մեխանիզմների հետ հետ կապված, ապա դա կքննարկենք, որ ձևավորենք վստահության մթնոլորտ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ եղած ԸՕ-ով էլ հնարավոր էր անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, քանի որ կա դրա գործիքակազմը, բայց քանի որ, ըստ ընդդիմադիր գործընկերների, չկա վստահություն, վերահսկողություն, այստեղ խնդիր է առաջանում:

«Պետք է որդեգրել մի մոտեցում, որ եթե ընտրություններում պարտվում ենք, դրա պատճառները պետք է գտնենք մեր մեջ, այլ ոչ` դիմացինի, այլապես ստացվում է, որ քաղաքական ուժերը եթե պարտություն են կրում, փորձում են խնդիրներն այլ դաշտում գտնել: Այդ ամենի ապացույց կարող են լինել ՏԻՄ ընտրությունները, և լրագրողներն էլ կարող են մոնիտորինգ անել, թե որ քաղաքական ուժը ինչ չափով է մասնակցում ընտրություններին, չէ՞ որ ՏԻՄ ընտրություններում են ձևավորվում հետագա համապետական ընտրությունների հաջողությունները»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա շեշտեց, որ օրեր առաջ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկը հայտարարում էր, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, որովհետև իր անդամները ձերբակալված են: Թեև օրեր առաջ այդ ուժի բոլոր անդամներն ազատ են արձակվել, սակայն, միևնույն է, այդ ուժը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին: