կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 12:47
Հասարակություն

Լիսկայի հարցի քննարկման ժամանակ կրքերն ԱԺ-ում թեժացան. Սեյրան Սարոյանին մի կերպ հեռացրեցին Զարուհի Փոստանջյանից

Լիսկայի հարցի քննարկման ժամանակ կրքերն ԱԺ-ում թեժացան. Սեյրան Սարոյանին մի կերպ հեռացրեցին Զարուհի Փոստանջյանից

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում վարման կարգով խոսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նախ հիշեցրեց, որ երբ Սուրիկ Խաչատրյանն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից, ինքը՝ պատգամավորը, շրջանառության մեջ էր դրել մի հայտարարության նախագիծ, որը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեությանը, նրան ուղղված մեղադրանքներին, դատապարտված լինելուն, և որում նշել էր, որ նա չպետք է պաշտոնավարի, սակայն Գալուստ Սահակյանը, շրջանցելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, այդ հայտարարության նախագիծը չդրեց շրջանառության մեջ:

 

«Մենք տեսանք, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանի որդին ծեծկռտուք սկսել, որի արդյունքում մի տղա կորցրել է տեսողությունը, մյուսը վիրահատության է ենթարկվել: Մեղքի բաժինը նաև դուք եք կրում, չէ՞ որ այդ երիտասարդները տուժեցին Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման արդյունքում: Չե՞ք պատրաստվում իմ նախագիծը դնել շրջանառության մեջ: Սուրիկ Խաչատրյանը նաև թմրամիջոցներ է օգտագործում, մենք ունենք փորձագիտության` նման արդյունքներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ ոչ ոք մեղքի բաժին չունի այդ ամենում, այլ հարց է, որ պատասխանատվության բաժին ունեն նման երևույթների նկատմամբ, իսկ Զարուհու խոսքը չի վերաբերում ԱԺ-ին, քանի որ նման հարցերը ԱԺ-ի քննարկման թեմա չեն:

 

«Կարծում եմ` այսօր կամ վաղը գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ` այդ դեպքի հետ կապված: Ցանկացած պատգամավոր կարող է գրավոր հարց ուղղել կառավարությանը և պատասխան ստանալ: Բոլորն էլ դատապարտում են, եթե հանցակազմ կա, հանցագործը պետք է պատժվի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ԱԺ նախագահն այդպես էլ չանդրադարձավ իր նախագծին, թե ինչո՞ւ չի դրել շրջանառության մեջ, որովհետև եթե այդպես վարվեր, այսօր մի երիտասարդ չէր մնա առանց տեսողության: Գալուստ Սահակյանը զայրացավ, որ պատգամավորն արդեն մեղադրանքներ է հնչեցնում ու դատավորի դեր ստանձնում:

 

Խոսք վերցրեց Սյունիքի մարզից ՀՀԿ-ի քվոտայով մեծամասնականով ընտրված երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ով զայրացած տոնով նշեց. «Գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղն ու անվայել արտահայտություններ է թույլ տալիս Սյունիքի մարզպետի հասցեին: Ձեր մտքի արգասիքներն այս դահլիճում մի' հնչեցրեք»:

 

Սկսվեց թեժ լեզվակռիվ մի քանի զայրացած պատգամավորների միջև, մասնավորապես` Հայկ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն ու Կարեն Ավագյանը գոռգոռում էին` Զարուհի Փոստանջյանի հասցեին հղելով բազմաթիվ անվայել արտահայտություններ:

 

Նիստից հետո միջանցքում կրքերն այնպես էին թեժացել, որ չէին կարողանում հանգստացնել Սեյրան Սարոյանին, որը պատրաստվում էր Զարուհի Փոստանջյանի հետ կռվի մեջ մտնել:

 

Նշենք, որ Հայկ Գրիգորյանը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալն է: