կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 23:52
Առանց Կատեգորիա

Ուղղորդվո՞ւմ է, արդյոք, հայկական ընտանիքի սպանդի գործը

Ուղղորդվո՞ւմ է, արդյոք, հայկական ընտանիքի սպանդի գործը

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է, որ գյումրեցի ընտանիքի 7 անդամներից 6-ի սպանության դեպքի կապակցությամբ երկու գործ է հարուցվել՝ մեկը ռուսական զինվորական դատախազության կողմից, մյուսը՝ հայկական: Հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ներկայումս հարցաքննվում է ռուսական կողմի հարուցած գործի շրջանակում՝ հաշվի առնելով, որ հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և մինչև հիմա գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:

 

Թե' դատախազ Րաֆֆի Ասլանյանը և թե' ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավար, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել են, որ ներկայումս ռուսական կողմի հետ բանակցություններ են տարվում երկու գործերը միացնելու և վարույթը հայկական կողմին հանձնելու շուրջ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գործը ՀՀ-ին հանձնելու խնդիր ընդհանրապես չկա, քանի որ կասկածյալը Ռուսաստանի քաղաքացի է և պետք է պատասխանատվության ենթարկվի ՌԴ օրենսդրությամբ:

 

Փաստացի, ռուսական կողմը հրաժարվում է Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը՝ գրեթե կրկնելով 1999թ. պատմությունը, երբ նույն ռազմակայանի երկու զինծառայողների կողմից Գյումրիում կատարած սպանությունունների գործի քննությունը ևս ռուսական կողմը վերցրեց իր վրա, ապա զինծառայողներին պատիժը կրելու համար տեղափոխեց Ռուսաստան: Առավել քան հետաքրքրական և խոսուն է փաստը, որ հանցագործը հայտնաբերվեց կամ գոնե հանցագործի հայտնաբերման մասին հայտարարվեց միայն այն բանից հետո, երբ ռուսական ռազմական գերատեսչական հանձնաժողովը ժամանեց Հայաստան, և հայտնաբերվեց ոչ թե հայաստանյան իրավապահների, այլ հենց ռուս սահմանապահների կողմից: Սա ոստիկանության անճարակությա՞ն դրսևորում է, փոխհամաձայնության հետևա՞նք, թե՞ հանգամանքների պարզ դասավորության արտահայտություն: Դժվար է ասել: Փաստն այն է, որ ռուսական կողմը չի ցանկանում, որ Պերմյակովը դատվի Հայաստանում և իր այդ ցանկությունը թելադրում է՝ ի հեճուկս հայաստանյան հասարակության հստակ պահանջի և ակնհայտ դժգոհության և ի հեճուկս իրավական կարգավորումների:

 

Առաջին հայացքից հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի, թե որտեղ է իր պատիժը կրելու հանցագործը, կարևորը, որ պատիժը լինի և լինի արդարացի: Խնդիրը, սակայն, չի վերաբերում ռուսական արդարադատությանը վստահել-չվստահելուն: Որակական իմաստով ռուսական և հայաստանյան արդարադատության համակարգերը միմյանցից չեն տարբերվում: Բայց գործի՝ հայաստանյան քննչական ծառայության վարույթում գտնվելը ոչ միայն հրապարակայնության և հանրային վերահսկողության ավելի մեծ հնարավորություն է ստեղծում, ինչը գործնականում չի լինելու հակառակ դեպքում, այլ նաև զուտ արժանապատվության հարց է:

 

2013թ. Ռուսաստանի իրավապահ համակարգն ուղղակի նվաստացրեց ակամա 18 հոգու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ նաև շահարկելով նրա ազգային պատկանելությունը, իսկ դատավարությունից հետո ուղղակի մերժեց նրան Հայաստանին արտահանձնելու խնդրանքը՝ չնայած Հարությունյանն ընդունել էր մեղքը: Ուշագրավ է, բայց ՌԴ դատախազությանը կարծես թե չի հետաքրքրում, որ տեղի է ունեցել դաժան, սահմռկեցուցիչ սպանություն, և հանրությունը արդար դատավարության և արժանի պատժի հստակ ակնկալիք ունի, և նման դիկտատներով առաջնորդվելով` այն կամա թե ակամա Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք է բարձրացնում և ատելություն է հարուցում ռուսական ռազմակայանի և ռուս զինվորականների նկատմամբ: Բայց սա մեծ չափով ոչ այնքան ՌԴ ռազմական դատախազության խնդիրն է, այլ հայկական կողմի հերթական հարմարվողականության:

 

Ներկայումս հայկական կողմը ոչ թե պահանջներ է ներկայացնում ու իրավական հիմնավորումներ բերում Պերմյակովին իրեն հանձնելու վերաբերյալ, դիվանագիտական նոտաներ հղում, բանակցություններ վարում, այլ ընդամենը մի թեթև, ձեռքի հետ ցանկություն հայտնում կամ ակնարկներ անում գործը հայաստանյան քննաչական մարմիններին հանձնելու և դրա նպատակահարմարության մասին: Ավելին` հայկական կողմը՝ ի դեմս փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, հենց սկզբից սկսեց զբաղվել շատ որոշակի վարկած հասունացնելու գործով՝ փաստացի նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, մասնավորապես` Պրեմյակովի տված ցուցմունքներից ինչ-որ դետալներ հրապարակելու միջոցով: Եվ այդ դետալները, որպես «փազլի» առանձին կտորներ, ստեղծում են միայն այն պատկերը, որ Պերմյակովը գործել է միայնակ և, չնայած այն հանգամանքին, որ ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին, բոլորովին էլ չի փորձել հատել սահմանը:

 

Բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն հակառակն է ասում: Այսօր տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված էր, որ սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել են անհայտ անձի, «ով շարժվում էր դեպի պետական սահմանը»: Կարգախմբի ավագը հրամայել է նրան կանգ առնել, սակայն նա շարունակել էր քայլել: Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան…

 

Շատ ավելի կարևոր կտորներ, սակայն, ընդհանուր պատկերից դուրս են մղվում: Օրինակ` Հունան Պողոսյանն ասում է, որ կասկածյալը ջուր խմելու պատճառով է գնացել այդ ընտանիքի հասցեով, Պողոսյանը սակայն մոռանում է ներկայացնել Պերմյակովի բացատրությունն այն մասին, թե ինչու է հատկապես այդ հասցեն ընտրել, ինչպես է հնարավոր ընդամենը ջուր խմելու պահանջը հնարավոր չբավարարելու պատճառով մի ողջ ընտանիք ոչնչացնել՝ ընդհուպ սրախողխող անել մանկահասակ երեխաներին, ինչու էր որոշել Գյումրի զբոսնելու դուրս գալ զենքով և ինչպես է հաջողեցրել սպանությունը կատարելուց հետո հանգիստ զգեստափոխվել և հեռանալուց առաջ դեպքի վայրում թողնել իրեն մատնող այդքան շատ հանցանշաններ:

 

Խնդիրը միայն այն չէ, որ այս ամենը խիստ կասկածելի է և ավելի շատ նման է Պերմյակովին քավության նոխազ սարքելուն, հանցագործության այլ, ավելի կարևոր հանգամանքներ թաքցնելուն: Այլ այն, որ ոստիկանությունը հանրային հետաքրքրությունները հընթացս բավարարելու քողի ներքո անարգել նախաքննական տեղեկություններ է հրապարակում, մի պրակտիկա, որն այլ դեպքերում համարում է անթույլատրելի և հակաօրինական: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու են Պերմյակովի ցուցմունքները, առանց քննչական համապատասխան գործողություններով ու փորձաքննություններով հաստատվելու, ներկայացվում որպես վերին կամ թեկուզ մոտավոր ճշմարտություններ: Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան նախաքննության, ապա նաև դատավարության ընթացքում: Բայց Պերմյակովին գտնելուց հետո ռուսական կողմի դրսևորած այս համառությունը և հայկական կողմի հարմարվողականությունը ամեն ինչ ի սկզբանե դնում են կասկածի տակ:

 

Առաջիկայում կերևա՝ միտում կա՞ այս ամենում, թե՞ դրանք ընդամենը անհիմն կասկածներ էին: Մեկ բան, սակայն, ի սկզբանե ակնհայտ է: Այն բարձիթողի վիճակը, որն առկա է Գյումիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, օր առաջ պետք է վերացվի: Հակառակ դեպքում` այն արդեն վերածվում է մարդասպանների յուրօրինակ ինկուբատորի՝ Գյումրու համար դառնալով իսկական գլխացավանք: Ռազմակայանում հավանաբար կարծում են, որ Գյումրիում ոչ թե հյուրի կարգավիճակում են, այլ տանտիրոջ, որ գտնվում են ցարական Ելիզավետպոլում կամ սովետական Լենինականում, որն իրենց համար պոլիգոն է, իսկ բնակիչները՝ յուրատեսակ պոտենցիալ թիրախներ: ՌԴ ՊՆ փոխնախարար Արկադի Բախինն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է ռազմակայանում սկսված ծառայողական քննության մասին: Պետք է ենթադրել, որ ռուսական կողմի հարուցած քրեական գործն անդրադառնալու է նաև ռուս զինվորի՝ զորամասը զենքով լքելու հանգամանքների բացահայտմանը, որն, անկախ պատճառներից, խոսում է ռազմակայանում տիրող կարգուկանոնի մակարդակի մասին:

 

Ռուսական կողմը չպետք է սպասի, որ ռազմակայանը և ռուս զինվորները ինչ-որ պահի վերածվեն գյումրեցիների կողմից վրիժառության օբյեկտների, ինչն արդեն դառնում է միանգամայն իրատեսական հեռանկար: Հայաստանյան իշխանությունը գուցե սովորել է համարվել նման կամակորություններին: Սակայն որևէ մեկը հարցրե՞լ է արժանապատվություն ունեցող գյումրեցուն, թե ինքը ցանկանո՞ւմ է դառնալ հավի ճուտ, որի վիզը կարելի է ոլորել սեփական տանը` քնած վիճակում:

 

Գևորգ Աղաբաբյան