Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանի սահմանամերձ որոշ բնակավայրերում քանի արցախցի ընտանիք է բնակություն հաստատել, ու ինչ խնդիրներ ունեն նրանք։ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Չինարիում 11 արցախցի ընտանիք է հաստատվել` 60 չափահաս եւ 27 երեխա։ «Բոլորին անհատույց տրամադրել ենք տներ, համարյա ամեն ինչով ապահովել ենք, առաջնայինը՝ սննդամթերք, վառելափայտ, վառարաններ։ 8 ընտանիքի կով ենք տվել, 6 ընտանիքի խոզ ենք տվել, բոլորին էլ՝ սառնարան, հեռուստացույց, գազօջախ: 80 տոկոսը բազմազավակ է, իրենց կենցաղային բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովել ենք»,- ասաց Սաղոյանը։ Սակայն աջակցության կարիք ունեն թոշակառուները, ովքեր ընտանիքում փոքրիկներ չունեն։ Չինարիի՝ Ռուսաստանում գործող հայրենակցական միությունն է շատ մեծ օգնություն ցուցաբերել։ 9 ընտանիքի համար սանհանգույց են կառուցել, իսկ քանի որ ջուրը ժամով է, ջրի բաքեր են տրամադրել ընտանիքներին, որպեսզի կարողանան ջուր ամբարել։ Այս հարցով համագործակցում են Բերդ համայնքում գործող կենտրոնացված հանձնաժողովի հետ եւ օգնում են բոլոր կարիքավորներին, իսկ մարզպետարանը գումար է տրամադրել՝ տարատեսակ տեխնիկա գնելու համար։
Օգնություն է ցուցաբերում նաեւ Հայ օգնության ֆոնդը, «Դիակոնիա» հիմնադրամը, Ֆրեզնոյից բժիշկների կազմակերպությունը: Ղրիմից հայեր են եկել, ովքեր 150 հազար դրամի չափով օգնություն են տրամադրել ամեն ընտանիքին։ Սաղոյանն ասում է, որ ում դիմել է, աջակցել են․ սննդի ու առաջնային անհրաժեշտության պարագաների կարիք չունեն, քանի որ մինչեւ մայիս արցախցիներին գոնե ուտելիքով ապահովել են։ Իսկ բազմազավակ ընտանիքներին պարտադիր ապահովել են թե՛ սանհանգույցով, թե՛ խոհանոցով, թե՛ բաղնիքով։ Չինարիում հաստատվածներից մեկն արդեն աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում՝ պայմանագրային զինծառայող է, եւս վեց հոգի աշխատանքի է անցել տարածքում գործող «Էկո Գարդեն» գործարանում։ Երեխաներից 14-ն արդեն դպրոց է հաճախում, 7-ը՝ մանկապարտեզ, ու 3-ն էլ շուտով կգնան մանկապարտեզ։ Սաղոյանը նշում է, որ գյուղում բնակություն հաստատած արցախցիներն արդեն ինտեգրվել են, հաշվառվել են, ոմանք գերադասել են ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայականը, ոմանք էլ ստիպված են եղել նոր ՀՀ անձնագիր վերցնել։ Չինարիի ղեկավարը նշեց, որ հատկապես թոշակառուները ստիպված են եղել նոր անձնագիր ստանալ՝ նպաստներն ու թոշակները ստանալու հնարավորությունը չկորցնելու համար։
«Չինարիում հաստատված արցախցի ընտանիքների 80 տոկոսը հիմնական է հաստատվել, մյուսներն էլ երեւի կհարմարվեն, մի քիչ կասկածներով, բայց իրենք էլ կհաստատվեն, կմնան»,- ասում է Սաղոյանը։ Նա նշում է, որ գարնանն էլ ծրագրում են հավեր, ոչխարներ ու մեղվի փեթակներ տրամադրել արցախցիներին։
Սակայն Սյունիքի մարզի Խնածախ գյուղում նույն իրավիճակը չէ, ինչ Չինարիում։ Այստեղ հաստատվել է ընդամենը մեկ արցախցի ընտանիք, այն էլ պարբերաբար գյուղից գնում-գալիս են։ Մեզ հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ այս ընտանիքն էլ վերջնական չի որոշել՝ մշտակա՞ն է մնալու գյուղում, թե՞ ոչ։ «Բռնի տեղահանման սկզբից շատերն են եկել, բայց ամենաշատը՝ հինգ օրով։ Ասել են, որ չմնալու պատճառը գյուղի՝ սահմանին շատ մոտ լինելն է»,- ասաց Միրզոյանը։ Գյուղում աշխատանք չկա, տների ճնշող մեծամասնությունը գազ չունի, ու մարդիկ աշխատանքի բացակայության պատճառով շարունակում են հեռանալ գյուղից` անգամ գյուղում ծնված-մեծացած մարդիկ: «Հիմա գյուղում 500 հոգի կլինի, բայց մարդիկ շարունակում են հեռանալ»,- ասաց Միրզոյանը։
Իսկ Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ընդամենը 2 արցախցի ընտանիք է մնացել։ Տները վարձակալությամբ են վերցրել, իսկ գյուղում աշխատանքի հնարավորություն չկա։ Հիմնականում գյուղում արցախցիները ժամանակավոր են հանգրվանել, շատերը հետո իրենց բարեկամների կամ մտերիմների օգնությամբ այլ տեղ են տեղափոխվել։ «Բնականաբար, աշխատանքի մասով խնդիր կա։ Այս պահին ազատ տուն ունենք տարածքում, երկրից գնացած մարդ էր առաջարկողը, եթե տան հետ կապված լուրջ խնդիրներ ունեցողներ կան, թող կապ հաստատեն, գան»,- ասաց Ստեփանյանը։ Պարույր Սեւակ համայնքի բնակիչներին եւ ժամանող արցախցիներին մտահոգում է այն, որ գյուղը վերածվել է սահմանամերձ գոտու, եւ բնակիչները պատերազմի թատերաբեմում հայտնվելու վախ ունեն»։