Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ելույթում նշեց, որ ընտանիքը պետության միկրոմակետն է: Եվ երբ ընտանիքը կազմակերպված չէ, եթե ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ, սուբորդիանցիաներ, ուրեմն ի՞նչ են մտածում հարևանները:
«Հարևանները մտածում են` ինչպե՞ս օգտվել այդ չկազմակերպված ընտանիքից: Մեկը խնդիր է դնում հասնել խոհանոց, մյուսն էլ խնդիր է դնում հասնել խոհանոց, տեղաշոր... Նույնն էլ պետությունների դեպքում է: Ո՞ւմ ենք մեղադրում: Մենք` ինքներս, մեղավոր ենք, բայց որովհետև թույլին հատուկ է, որպեսզի ինքը չտեսնի իր անգործությունը, փորձում է հարևանների մեջ գտնել: Հարևաններն էլ ասում են` կազմակերպվի, դուռը փակի ու մի' թող, որ հարևանները մտնեն քո տուն: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը կամ Ամերիկան, որ մենք այս վիճակում ենք»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Նրա խոսքով` Հայաստանն իր պատմության ընթացքում այնպիսի պարտություններ է ունեցել, երբ ո'չ Ռուսաստանը կար, ո'չ էլ` Ամերիկան: Եվ այն ժամանակ էլ հայերն իրենց սխալներն ընդունելու փոխարեն մեղադրում էին Բյուզանդիային ու Պարսկաստանին:
«Խնդիրը մեր մեջ է, մեծ գերանը, որ մխրճել ենք մեր աչքի մեջ, չենք խոստովանում, փորձում ենք ուրիշների աչքի միջի փուշը տեսնել, որը կարող է և չկա: Սխալ է դա, երբ հայհոյում ենք մեր հարևաններին: Միշտ մեր հերոսական նախնիներից ենք խոսում, բայց ուժ կունենա՞նք հասկանալ, որ մենք ենք այդ ամենի մեղավորը: Հիմա էլ Արևմուտքին ենք մեղադրում, որ Կոնչիտա է բերում այստեղ, կամ Ռուսաստանին ենք մեղադրում, որ պացիֆիստներ է բերում կամ զենք է վաճառում: Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, որ ստվերն ավելի շատ է, քան իրական տնտեսական շարժը, որ հաստատել ենք մենաշնորհ ու վերացրել ենք մանր ու միջին բիզնեսը: Նրանք ընդամենը օգտվում են մեր սխալներից»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց. «Ռուսաստանը կարող է ասել` եղբա'յր, հայ-թուրքական սահմանին ռուս զինվորն է կանգնած, և սահմանախախտ թուրքին գնդակահարելու է ռուս զինվորը, դու ամբողջությամբ գտնվում ես մեր անվտանգության համակարգում, ո՞ւր ես գնում»:
Պատգամավորը բլեֆ է համարում, թե ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է, քանի որ տնտեսությունը չի կարող առանձին լինել քաղաքականությունից: Նա վստահ է, որ եթե Հայաստանը չգնար դեպի եվրաասոցացման համաձայնագրի ստորագրում, ապա այսօր չէր հայտնվի նման վիճակում, որովհետև այս պահին Ռուսաստանին այդքան էլ ձեռնտու չէ Հայաստանի անդամակցումը: Եվ Ադրբեջանն իր չեզոք դիրքով ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանն այսօր:
Ռուբիկ Հակոբյանը համոզված է, որ շատ կարճ ժամանակ անց Ղազախստանը բարձրացնելու է մաքսակետի հարցը, որովհետև այն բանավոր երդումը, որ եղել է` այս հարցի հետ կապված, որ միմյանց չեն դավաճանի, դա երաշխիք չէ, ուստի պետք չէ ապակողմնորոշել մարդկանց: Նա նշեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և հորդորեց պատգամավորներին` դեմ քվեարկել, որովհետև վստահ է, որ պատգամավորների մեծ մասը դեմ է այդ պայմանագրին: