կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 18:25
Հասարակություն

Բեկորը հայ զինվորի հզոր գենի ժառանգորդն ու հավաքական կերպարն է

Բեկորը հայ զինվորի հզոր գենի ժառանգորդն ու հավաքական կերպարն է

Այսօր՝ օգոստոսի 24-ին,   Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ու ՀՅԴ գաղափարի նվիրյալ Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակի օրն է:  Հերոսի նահատակության  տարելիցի կապակցությամբ,  նրա  անունը կրող պուրակում կայացել է հիշատակի արարողություն։   Միջոցառմանը ներկա էին Բեկորի այրին՝  Նելլի Ղուլյանը, որդիները, հարազատներ, ԱԺ պատգամավորներ՝  ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ  ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Արցախի  ազատամարտիկների  միության  նախագահ   Սամվել  Կարապետյանը, կուսակցական ու մարտական ընկերներ, դպրոցականներ,   զինվորականներ։   Ներկաները նախ՝ ծաղիկներ են դրել Ա. Ղուլյանի հուշակոթողի պատվանդանին ու հարգանքի տուրք մատուցել  նրա հիշատակին։

ԱՀ  ՌԵՍԶ   նախարարության  ռազմահայրենասիրական  միջոցառումների  համակարգման բաժնի պետ Դավիթ Օհանջանյանն անդրադարձել է Աշոտ Ղուլյան-Բեկորի ազգային ազատագրական պայքարի գործչի կերպարին ու մարտական ուղուն: Նրա խոսքով՝ Ա. Ղուլյանի  հրամանատարական տաղանդն առանձակի փայլեց 1992 թվականին՝  Շուշիի ազատագրման ռազմագործողությունների ժամանակ, երբ  նրա հրամանատարությամբ գործող  վաշտն  առաջինը մտավ  Հայոց  բերդաքաղաք։ Նույն տարվա  օգոստոսի 24-ին, Աշոտ Ղուլյանը հերոսի մահով ընկավ  Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման մարտերում:  

Բեկորի համախոհ ու մարտական ընկերներից  Աշոտ Սարգսյանն անդրադարձավ առաջին վաշտի կազմավորման նախապատմույանն ու Ա. Ղուլյանի  հրամանատարական ձիրքին, նրա  հայրենասեր քաղաքացու և տաղանդավոր գործչի կերպարին: Նրա խոսքով,  Արցախյան շարժման տարիներին, երբ  շատերը  դեռ  նախընտրում էին քաղաքական պայքարը,  Ա. Ղուլյանը համախոհ  ընկերների հետ լծվել էր զենք հայթայթելու գործին: Համոզված էր, որ  ազգային-ազատագրական շարժման հաջողությունն անհնար է առանց զինված պայքարի։ Ա. Ղուլյանն այդ նպատակով մեկնեց Երևան, որտեղ համախոհների հետ ինքնաշեն զենք էր պատրաստում և առաքում Արցախ։ Ըստ Ա. Սարգսյանի՝  այդ տարիներին կազմավորված ջոկատները զինում էին Դաշնակցության միջոցով ձեռքբերված  զենքերով: Այնուհետև,  Ստեփանակերտի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով,  հիմնականում   Աֆղանստանի պատերազմի մասնակիցներից կազմվում է 1-ին վաշտը: Այդ տարիներին Արցախի բոլոր մարտական խմբերի համակարգող, այնուհետև նաև ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի /Դաշնակ Ագո/ առաջարկությամբ ու բոլորի միաձայն համաձայնությամբ, վաշտի հրամանատարությունը ստանձնում է Աշոտ Ղուլյանը:

«Աշոտ Ղուլյանն այսօր Արցախի հերոս է: Գտնում եմ, որ մենք պետք է դիմենք ՀՀ և ԱՀ նախագահներին Աշոտ Ղուլյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու համար»,- ասաց Ա. Սարգսյանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից ներկայացրած իր խոսքում՝ ՀՅԴ անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայոց  պատմության ցանկացած ժամանակաշրջանում ծնվում են հերոսներ, ովքեր ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ընթացքում կարողանում են կերտել մեր նորագույն պատմությունն ու պետականությունը: Այդ գենետիկ կոդը կրողներից էր Աշոտ Ղուլյանը:  Գործիչ, ում տեսլականը ամբողջական հայրենիքի ազատագրումն էր, ստեղծեց այն հիմքը, որպեսզի հետագա  սերունդները կարողանան ունենալ Հայ ժողովրդի ապագա՝  ազատ, անկախ և միացյալ Հայաստանը:

Ա. Ղուլյանի  կինը՝  Նելլի  Ղուլյանը,  լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ամուսնու    նպատակներից  մեծագույնը՝ Արևմտյան  Հայաստանն ազատագրելն  ու նորից հայաշունչ  տեսնելն էր:    

«Մեր չորս թոռներից  երկուսն Աշոտ պապի անունն են կրում և կշարունակեն իրենց  պապի կիսատ գործը»,-  ասել է  հերոսի այրին: 

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ մարտական ընկերոջ՝  Բեկորի մասին հիշողությունները միշտ վառ են: «Նրան ամեն օր եմ հիշում: Աշոտն ինձ հարազատ մարդ էր Շատ մոտ էինք: Այսօր ուղղակի մի քիչ տխրեցի , որ մատաղ սերնդից քիչ էին ներկա նրա հիշատակի միջոցառմանը: Համոզված եմ, որ Աշոտի և մեր մյուս նվիրյալների  պատգամած գաղափարները  կրողները մեզանում շատ են: Աշոտ Ղուլյանը աշխարհում անկրկնելի հայ զինվորի հզոր գենի ժառանգորդն ու հավաքական կերպարն է: Եթե մեր դիվանագետները կարողանային հայ զինվորի ոգով մտածել ու գործել, ապա ամեն հաղթանակի հասած կլինեինք»,-ասաց Ա. Կարապետյանը:

ՀՅԴ  արցախյան  գործունեության   հենց սկզբում   Բեկորն անդամակցել է ՀՅԴ-ին՝ անմնացորդ նվիրումով ծառայելով  դաշնակցական ֆիդայիների նորօրյա խիզախումի  պատմության  կերտման  գործում: Նրա հրամանատարությամբ գործող լեգենդար 1-ին վաշտը մասնակցել է արցախյան մարտերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն՝ ազատագրելով բազմաթիվ բնակավայրեր։

«Եթե զինվորից սկսած մինչեվ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի հերոսը, ում  համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: 

Վան Նովիկով