Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են անցնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: «Թուրքիայում այդ թեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:
Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած Էքինը պատմում է, թե ինչպես են գենետիկական ուսումնասիրության թեստը պատվիրում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա թեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխաններն ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխաններում տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, օրինակ՝ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:
Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, որն արտասահմանում գենի թեստ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել են իտալական, 1700-ականներին՝ հրեական, 1800-ականներին՝ հայկական, իսկ հետո նաև հունական գեները:
«Մենք Բայբուրթից ենք, սակայն թեստը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ թեստի՝ բավականաչափ իտալական ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրեցի, թե արդյո՞ք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցան հավատալ թեստի արդյունքներին, ասացին, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասացի, որ դա գիտական թեստ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:
Նա ասել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իրենց հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:
Թուրքիայում ապրող մաթեմատիկայի մի պրոֆեսոր էլ, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած թեստի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո՝ Արդվինում, ապա՝ Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմատիկոսը նշել է, որ այդ հերթականությունն իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները Տրապիզոնից են:
«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի մի զգալի մասը ժամանակին կազմում էին վրացիները-խմբ.)»,- պատմել է Այշեն:
Ermenihaber.am