կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 13:15
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով տուժողը բողոք չունի

«Վերնիսաժ»-ի գործով տուժողը բողոք չունի

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վերնիսաժ»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց, այս անգամ ամբաստնյալ Վալերի Հովհաննիսյանի դատարանում ներկա չլինելու պատճառով:

 

Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտնեց, որ ներկայացվել է գրություն, համաձայն որի, ամբաստնյալն ունի արյան բարձր ճնշում և փորացավեր, այդ իսկ պատճառով քրեակատարողական հիմնարկից դատարան չի բերվել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը սկսվել էր մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ Վալերիին դատարանի շենքում վատացել էր և շտապօգնություն էին կանչել:

 

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ տուժողները չէին ներկայացել դատարան: Այսօրվա նիստին սակայն երեք տուժողներն էլ եկել էին. Մնացական Սուքիասյանն ու Մյասնիկ Հայրապետյանը հենակներով էին:

 

Երբ դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, դատարանը գործին մասնակից մյուս անձանց հարցնում էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդության վերաբերյալ: Մնացական Սուքիասյանը դատարանին պատասխանեց նստած և անմիջապես դիտողություն ստացավ. «Ես Ձեզ հետ չեմ զրուցում, դատարանին դիմում են կանգնած»: Տուժողը հայտնեց, որ պարզապես դժվար է իր համար կանգնելը, դատարանը հենակները տեսնելով թույլ տվեց նստած պատասխանել նաև մյուս տուժողներին:

 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին:

 

Նիստի ավարտից հետո տուժող Մյասնիկ Հայրապետյանին երբ հարցրեցինք, թե ինչու բողոքներ չունեն, նրան ուղեկցող տղամարդն ասաց, թե թեև հավատում են արդարադատությանը, սակայն բողոք չունեն ու թե վնասվածքն էլ կանցնի կգնա: