կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 12:05
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով երկու վիրավոր վկաները դեռ չեն հարցաքննվել

«Վերնիսաժ»-ի գործով երկու վիրավոր վկաները դեռ չեն հարցաքննվել

«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցներից վիրավորվածներից երկուսը` Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը, հարուցված քրեական գործով  վկա են անցնում:

 

Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը Yerkir.am-ին հայտնեց, որ իր վստահորդը ներկայումս գտնվում է հիվանդանոցում ու դեռևս չի հարցաքննվել:

 

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել էր, թե եթե ինքն էլ լիներ նույն իրավիճակում, ինչ գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանը, ապա ինքն էլ զենքի օգնությանը կդիմեր, փաստաբանը պատասխանեց. «Անկախ այն բանից, որ ես այս գործով փաստաբանն եմ, թե` չէ,  որպես քաղաքացի` դիրքորոշումս բացասական է, իսկ որպես իրավաբան` առավել ևս: Չեմ կարծում եմ, որ, բացի նախաքննական մարմնից,  որևէ մեկը կարող էր գործի փաստական հանգամանքներին տիրապետել այնպես, որ կարողանար որևէ վերլուծություն անել»:

 

Օրեր առաջ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ երկու վիրավորների` Նորայրի և Վալերիի արարքներում նույնպես հանցանշաններ կան: Սրա վերաբերյալ Վ. Էլբակյանը նշեց. «Գոռի փաստաբանը, բնական է, որ ցանկացած ճանապարհով պետք է արդարացնի իր պաշտպանյալի գործողությունները: Սակայն չեմ կարող ասել,  թե ինչից է նման եզրակացության եկել»:  

 

Նշենք նաև, որ Վալերի Հովհաննիսյանը նախկինում դատվածություն է ունեցել: Սակայն թե ի՞նչ հանցանքի համար, փաստաբանը չպատասխանեց` ասելով, թե տեղյակ չէ: