Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանտաժի, ծեծի ու բռնաբարության ենթարկված` 28-ամյա Մարինեն ոստիկանության աշխատակիցների միակողմանի ու աչառու գործունեության հետևանքով ծանր հոգեկան վիճակում է հայտնվել եւ ստիպված տեղափոխվել «Սթրես» հոգեկան առողջության և վերականգնման կենտրոն:
Աղջիկն ու նրա փաստաբանները պնդում են, որ ի սկզբանե նախաքննությունը կանխակալ կերպով է ընթացել, ճնշումներ են գործադրվել նրա վրա, կատարվել են մի շարք կոպիտ խախտումներ, որոնք, սակայն, մինչ այժմ անհետևանք են թողնված արդարադատության մարմինների կողմից:
Մոտ երկու տարի առաջ Մարինեն սոցցանցի միջոցով ծանոթանում է 32-ամյա Սուրենի հետ (անունները փոխված են): «Մենք ծանոթացանք լուրջ նպատակներով: Ես իրեն վստահել եմ մինչև վերջին քայլը: Վստահելով` ամեն ինչ արել եմ… Բայց մարդուն վստահում ես ու կանգնում փաստի առաջ… Բայց արդեն դարձել ես նրա գերին. ինքը կարող էր շանտաժ անել, վախեցնել, հետևել, ես դառնայի իր ստրուկը: Ես դարձել էի անպաշտպան»,- Yerkir.am-ին պատմեց աղջիկը:
Որոշ ժամանակ հանդիպումներից հետո մի օր Սուրենը հայտնել է, որ ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալուց հետո բռնի կերպով քաշել-հանել է աղջկա հագուստը, նկարել նրան կիսամերկ վիճակում: Եվ այդ օրից հետո սկսել է շանտաժ անել` հանդիպումներ ու գումար է պահանջել` սպառնալով հրապարակել տեսանյութը: Մի օր էլ` հերթական պարտադրված հանդիպումից հետո, Սուրենը աղջկան տաքսիով տարել է «Վալենսիա» հյուրանոց, որի համարներից մեկում ծեծել ու բռնաբարել է նրան:
Մարինեն պատմում է, որ հաճախ իրեն ասում են, թե շանտաժի, սպառնալիքների մասին պիտի ոստիկանությանը հաղորդում տար, սակայն նա պատասխանում է, թե դեպքից հետո է դիմել ոստիականություն, սակայն արդար նախաքննություն կատարելու փոխարեն քննիչները իրեն են «մեղավոր» դարձրել:
Սկզբում գործի նախաքննությունը կատարել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննիչ Ա. Կավեյանը. «Ինքը գիտեր` ինչի մասին է գործը, ու գիտեր, որ ես պիտի պատմեի բաներ, որոնք չէի ցանկանա, որ այլ մարդիկ իմանային: Բացի քննիչից, սենյակում կային այլ անձինք, որոնց քննիչը ներկայացնում էր որպես ստաժոր, ճնշում էր, որ ես դեպքի մասին պատմեմ իրենց ներկայությամբ: ...Շոգ էր, դուռը բաց էր թողնում, խնդրում էի, որ դուռը փակեր…»,- պատմում է Մարինեն:
Ա. Կավեյանի աչառու գործունեության վերաբերյալ բողոքից հետո գործն ուղարկվում է Երևանի քննչական վարչություն, հանձնվում քննիչ Կարո Հակոբյանին, ով էլ իր հերթին է շարունակում վնասել տուժողին. «Նա սկսեց դեպքի մասին տեղեկացնել մարդկանց, ում հետ ես շփվում էի` սկսած համակուրսեցիներից, վերջացրած բարեկամներով, շենքում ապրող մարդկանցով: Ու էնպես էր դա ասում, որ զանգում էին ինձ ու ասում, թե քո պատճառով մենք հայտնվել ենք ոստիկանությունում: Այդպես` 2-3 հոգի ամեն օր զանգում էր: Նրանց արարքների հետևանքով ես ընկել էի ծանր հոգեկան վիճակի մեջ»:
Մարինեն պատմում է, որ այս քննիչի պատճառով բանը հասել է նրան, որ համակուրսեցիները սկսել են դեկանին բողոքել, թե չեն ուզում իր հետ սովորել, չեն ուզում, որ նա կուրսի ավագը լինի:
Հոգեկան ծանր վիճակից դուրս գալու համար աղջիկը գնում է «Սթրես» կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստանում 20 օր:
Նախաքննության մարմինների կողմից գործը մի քանի անգամ կարճվել է, կարճվելու որոշումները բողոքարկվել են դատարանում: Վերջին` գործը կարճելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Եվ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ նախաքննական մարմինը իրականացրել է միակողմանի և ոչ օբյեկտիվ քննություն, վերացրել է գործը կարճելու մասին որոշումը եւ պահանջել վերաբացել այն:
Սակայն Երևանի քննչական վարչությունը գործը վերահսկող դատախազ Շուշանիկ Իսրայելյանի միջոցով վերաքննիչ բողոք է տանում, որն էլ բավարարվում է: Իսկ վճռաբեկ դատարանը տուժողի բողոքը վարույթ չի ընդունում, վերադարձնում է:
Մարինեն մեզ հետ զրույցում պատմում է, որ երբ գործը քննիչ Կարո Հակոբյանի վարույթում է եղել, Շ. Իսրայելյանն իրեն հորդորել է փաստաբանների վրա գումար չծախսել, մտերմանալ քննիչի հետ: Թերևս նման խորհուրդ տված են եղել նաև Սուրենին, ով իր ցուցմունքներում հրաժարվել է փաստաբանից` հայտնելով, թե վստահում է քննիչի օբյեկտիվ լինելուն: Սակայն Մարինեն ծիծաղելի է համարում սա, որ ինքը, գործով տուժող ճանաչված անձ լինելով, դիմել է փաստաբանի, իսկ կասկածյալը վստահում է քննիչին:
Ավելին` քննիչ Ա. Կավեյանն ու Սուրենը մտերիմ հարաբերություններ են ունեցել: Դրա մասին վկայում են գործում առկա sms հաղորդագրությունները: Ի դեպ, տուժողը դիմել է նաև ՀՔԾ` քննիչների դեմ քրեական գործ հարուցելու համար, սակայն այս դեպքում էլ գործը կարճվել է:
Ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը, ով զբաղվում է գործը կոծելու խնդիրը հանրայնացնելու ուղղությամբ ու պայքարում, որ, ի վերջո, արդար քննություն կատարվի, նշեց, որ ներկայումս իրավական դաշտում իրենց մնացել է Եվրադատարան դիմելը, ինչն էլ պատրաստվում են անել:
Ի դեպ, Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ զգուշացումներ է ստանում անանուն և հայտնի մարդկանց միջոցով` հեռու քաշվելու և չխառնվելու վերաբերյալ: Օրեր առաջ էլ բնակարանի դռան առջև գտել է մի գրություն, որում «բարին կամեցող մարդիկ» հայտնում են, թե բռնաբարության այս գործը շինծու է և մի շատ ամուր ընտանիք քանդելու փորձ, ու հորդորում են դադարեցնել խնդրի հանրայնացումը: Վահան Մարտիրոսյանը, սակայն, պնդում է, որ պետք է մինչև վերջ քայլել և չթողել, որպեսզի գործը կոծկեն:
Ա.Կ.