կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 17:36
Իրավական

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով ցուցմունք տվեց տուժողը

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով ցուցմունք տվեց տուժողը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց մարդուն առևանգելու, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

 

Նշենք, որ այս գործով տուժողները մայր ու դուստր են: Այսօր դռնփակ դատական կարգով ցուցմունք տվեց մայրը, ինչպես նաև ամբաստանյալի մտերիմներից` վկա Ռոմելա Ալեքսանյանը: Վկաներ Գոռ Առաքելյանը և նրա հայրը ցուցմունք տվեցին դռնբաց դատական կարգով:

 

Մասնավորապես` Գոռ Առաքելյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից էր, դատարանին հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին օգնել է Էդգարին իրեր տեղափոխել վերջինիս նոր` վարձով բնակարանը, և որ ընկերն իրեն  է տվել մի հեռուստացույց և խնդրել այն պահել իր տանը: Նա հայտնեց, որ հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  միջոցով տեղեկացել է, որ Էդգարը ձերբակալվել է և դիմել է ոստիկանություն` հայտնելով Էդգարի տված հեռուստացույցի մասին:

 

Գոռի հայրը դատարանին հայտնեց, որ Էդգարին մեկ անգամ է տեսել իրենց տանը, և որ նա իր որդու հետ մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել, սակայն ամբաստանյալը պնդեց հակառակը` նշելով, որ անգամ հրավիրված է եղել Գոռի քրոջ ծնունդին և իր երաժշտական գործիքով նվագել է:

 

Այսօրվա նիստում հարցաքննվեց նաև գործով վկա Գրիգոր Փափազյանը, ըստ որի` ինքը շինարարություն է անում տուժողների տան հարևանությամբ և նրանց հետ միայն բարև-բարի լույս է անում: Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ի գիշերը տուժողների տանից պատուհանի կոտրվելու ձայներ է լսել: Ամբաստանյալի պաշտպան Աննա Թամրազյանի հարցին, թե մեքենայի ձայն կամ ինչ-որ մեկի բղավոց լսե՞լ է, վկան պատասխանեց` ոչ:

 

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստին չեն ներկայացել վկաներ Գևորգ Ավագյանը, Արտյոմ Կարապետյանը, Լենա Թաշչյանը, Ռադիկ Հարությունյանը և Գևորգ Չթեյանը: Վերջինիս վերաբերյալ պաշտպան Թամրազյանը հայտնեց, որ դեռևս հունվարին այցելել է նրա բնակության վայր և ՀՀ Քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի հատկանիշներով վերապահված լիազորություններով հանդիպել նրա հետ: Նա միջնորդեց բերման ենթարկել վկային և հարցաքննել: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ փաստաբանն իրավունք չունի հանդիպելու վկայի հետ:

 

Նշենք, որ ՀՀ ՔՕ 73-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ փաստաբանն իրավունք ունի հարցման ենթարկելու մասնավոր անձանց, սակայն վկան մասնավոր անձ չի համարվում:

 

Այսօրվա դատական նիստում դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել վկաներ Ռադիկ Հարությունյանին, Արտյոմ Կարապետյանին և Գևորգ Չթեյանին, իսկ Լենա Թաշչյանին և Գևորգ Ավագյանին կրկին ծանուցել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող, խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք փչել նրանց դեմքերին: Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք, 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արժողության բարձրախոս, ինչպես նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

 

Այնուհետև Էդգար Վարագյանը տուժողներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրաբար տեղավորել է նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով, բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և, մոր հետ նրան թողնելով դաշտում, նշված ավտոմեքենայով հեռացել է: Հետագայում մեքենան թողել է Երևանի Քանաքեռ թաղամասի տարածքում: