կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 16:05
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով նախաքննական մարմինը խիստ թերացումներ ունի. փաստաբան

«Վերնիսաժ»-ի գործով նախաքննական մարմինը խիստ թերացումներ ունի. փաստաբան

«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարատվել է և գործն ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքից, սակայն, դժգոհ են գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) դստեր ամուսինը) պաշտպանները: Այս կապակցությամբ Yerkir.am-ը զրուցեց Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:

 

- Նախաքննության ընթացքում միջնորդել էիք` Ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու մասով, այնուհետև` քննչական մարմնից մերժում ստանալուց հետո, բողոքարկել էիք դատախազին: Որևէ նորություն կա՞ դրա վերաբերյալ:


- Դատախազությունից դեռևս որևէ պատասխան չենք ստացել` բավարարվել, թե` մերժվել է: Նաև պաշտոնական տեղեկություն չկա` գործը դատարան է ուղարկվել, թե` ոչ, սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ գործն արդեն ուղարկվել է դատարան: Այսինքն` ենթադրվում է, որ այդ միջնորդությունները մերժվել են:

 

Սակայն  նշեմ, որ գործում բազմաթիվ թերություններ կան: Այնքան ակնառու, որ չէին կարող չտեսնել ո'չ քննիչը, ո'չ դատախազը: Սա ուղղակի հապճեպ որոշում էր` արված նախորդների տրամաբանությամբ: Առանց քննչական գործողությունները սպառելու`  գործն ուղարկել են դատարան:

 

- Կնշե՞ք` ինչ թերություններ կան:

 

- Դրանցից մեկը նշեմ, որը միջնորդությանս մեջ ևս հստակ նշված է: Չի բացառվում, որ Գոռ Առաքելյանի գործողությունները աֆեկտի ազդեցության տակ են կատարվել: Եղել է հոգեկան խիստ հուզումնալից վիճակ` աֆեկտ, քանի որ կնոջ, երեխայի ներկայությամբ բռնություն է գործադրվել, երկարատև հայհոյանքներ են հնչել: Եվ այս հանգամանքը վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր օբյեկտիվորեն քննել և փորձաքննություն նշանակել: Կան նաև վկաներ, ովքեր նկարագրում են, որ խիստ այլայլված, շփոթված, լարված վիճակում է եղել այդ ժամանակ Գոռ Առաքելյանը: Եվ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Գոռ Առաքելյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված հետազոտությունների արդյունքում նշվում է, որ նրա մոտ առկա է, նևրոտիկ, սթրեսային վիճակով պայմանավորված ,հիշողության մասնակի կորուստ`  կապված դեպքի հետ: Իսկ հիշողության մասնակի կորուստը աֆեկտին խիստ բնորոշ հատկանիշ է: 

 

Նախաքննական մարմինը պարտավոր էր հետազոտել և նշանակել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու, հաստատելու կամ հերքելու այդ հանգամանքը:  Այնինչ, երբ մենք միջնորդությունը ներկայացնում ենք, մեզ պատասխանում են, որ  հարցումներ են կատարվել հոգեբուժական հիմնարկներ և  պատասխան են ստացել, որ Գոռ Առաքելյանը հաշվառված չէ: Բայց մենք էլ ասում ենք, որ նա հոգեկան խնդիրներ չունի: Հոգեկան հիվանդությունը կապ չունի հոգեկան հուզումնալից վիճակի հետ: Մարդը կարող է հոգեպես լիովին առողջ լինել, բայց որոշակի իրադրության դեպքում աֆեկտի մեջ ընկնել: Այսինքն` չունենալով այլ պատճառաբանություն` մեր միջնորդությունը  մերժելու համար վերացական պատճառաբանություն են հորինել:

 

-Գործն արդեն դատարանում է, ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք` դատարանը հաշվի կառնի՞ մատնանշված թերացումները:

 

-Իհարկե, չեմ կարող այս պահին հստակ դիրքորոշում հայտնել: Մենք ունենք բազմաթիվ գործեր, երբ դատարանները գործում են նախաքննության մարմնի ու դատախազության նույն գործելակերպով, բայց այս գործով դատարանի դիրքորոշումը դեռևս չեմ տեսել:  Դատավարության ժամանակ արդեն պարզ կլինի` օբյեկտիվությո՞ւնն է գերիշխում, թե՞ դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացությունն է հաստատվում:

 

-Տեսակետներ կան, որ, անկախ ամեն ինչից, այս գործով քաղաքական լուծում կլինի:


-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ քաղաքական ասպեկտ դեռևս չեմ տեսնում:  Տեսնում եմ, որ  գործը հասարակական հնչեղություն ունի: Այս փուլում դատախազությունը և քննչական մարմինը փորձեցին ցույց տալ, որ իրենք բավական խիստ են, քանի որ այս գործով որոշակի անուններ են շոշափվում: Հասարակությանը փորձեցին ցույց տալ, թե տեսեք`մենք ամենածանր մեղադրանքներով ուղարկում ենք դատարան, սակայն այստեղ տեղ չուներ օբյեկտիվությունը:

 

Եթե գործը հնչեղություն ստացավ, ապա անձի արդար դատաքննության իրավունքը մի կողմ է անցնում, և արդեն  գործ ունենք իրենց` դատախազության, քննաչական մարմնի շահերի հետ: Փորձում են ցույց տալ, համոզմունք առաջացնել, որ  իրենք խիստ են` ծանր ենք դատում` անկախ շրջանառվող անուններից:

 

-Այսինքն` բարդույթ կա` վստահելի լինելու:

 

-Մենք ունենք կարծատիպ, որ  շատ քրեական գործեր այլ ընթացք են ստանում, կոծկվում են` այլ դրդապատճառներից ելնելով: Եվ տարիների ընթացքում  ձևավորված այդ կարծրատիպը փորձ է արվում կոտրել: Բայց ոչ թե այս կերպ, այլ արդար օբյեկտիվ քննությամբ պետք է կարծրատիպը կոտրվի: Այսինքն` երբ հստակ հանգամանք ես ներկայացնում, որ անձը  ընդամենը 90 սմ-ից կամ 1-2 մետրից մի քանի անգամ կրակել է ոտքերի ուղղությամբ, ապա հասկանալի է, որ սպանելու նպատակ չի ունեցել: Դա ինչպե՞ս կարող են չնկատել և ասել, թե սպանության փորձ է արվել: Դա աբսուրդ է:

 

Ա.Կ.