Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ում արձակված կրակոցներից վիրավորված երկու երիտասարդները` Վալերին և Նորայրը, ովքեր հարուցված քրեական գործով նաև վկաներ են, դեռևս չեն հարցաքննվել: Պատճառը թերևս նրանց առողջական վիճակն է` մինչ այժմ գտվում են հիվանդանոցում:
Yerkir.am-ի հետ զրույցում տղաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ նրանց առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. «Վալերիի վիճակը ծանր է, վնասվածքը ստացել է որովայնի շրջանում: Նորայրի վիճակը միջին ծանրության է, Վալերիի համեմատությամբ` ավելի լավ է»:
Թեև դեպքի մանրամասները հայտնի չեն հասարակությանը, գործում ներգրավված փաստաբաններն ու մյուս մասնակիցները, նախաքննական գաղտնիությունից ելնելով, հրաժարվում են խոսել դրա մասին, այնուամենայնիվ, հանրային որոշ դեմքեր իրենց կարծիքներն են հայտնում դեպքի կապակցությամբ:
Մասնավորապես` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ հետո արդեն ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), որի դստեր ամուսինն է կրակոցներ արձակած` 29-ամյա Գոռ Առաքելյանը, լրագրողների հետ զրույցում առաջ էին քաշել Գոռի ինքնապաշտպանվելու վարկածը:
Թե արդյո՞ք այս մարդկանց դիրքորոշումները կարող են որևէ կերպ ազդել նախաքննության վրա և վատթարացնել իր վստահորդների վիճակը, Վ. Էլբակյանը պատասխանեց. «Իրենց հայտարարությունները չեմ կարծում, թե վատ կամ լավ վիճակ կարող են առաջացնել իմ վստահորդների մոտ: Կարծում եմ, որ իրենց կարծիքը չէ, որ պետք է ինչ-որ բան որոշի, այլ քննությամբ կորոշվի, և յուրաքանչյուրի գործողությանը գնահատական կտրվի: Դրանք ընդամենը կարծիքներ են, որոնք հայտնում են շահագրգռված անձինք»:
Սակայն, այնուամենայնիվ, Վ. Էլբակյանը մտահոգություններ ունի, որ իր վստահորդների կարգավիճակը կարող է փոխվել, և նրանց նույնպես հնարավոր է մեղադրանք առաջադրվի: «Սակայն եթե նրանց արարքը և պատճառված վնասվածքները համադրենք, և եթե օրինական դաշտում արվի ամենը, ապա նրանք պետք է դառնան տուժող կամ մնան վկայի կարգավիճակում»,- նշեց փաստաբանը:
Չի բացառվում նաև, որ նախաքննության ընթացքում, Նորայրի և Վալերիի հարցաքննությունից հետո, միջնորդություն ներկայացվի նրանց որպես տուժող ճանաչելու վերաբերյալ:
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես, նախաքննության գաղտնիությունից ելնելով, մանրամասներ չի հաղորդում, սակայն պնդում է, որ իր պաշտպանյալի հանդեպ ներկայացված մեղադրանքն անհիմն է, Գոռը սպանության փորձ չի կատարել, սակայն Ե. Սարգսյանը հրաժարվում է նաև արարքի վերաբերյալ գնահատականներ տալ:
Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է կոռեկտ համարում, որ որոշ հայտնի դեմքեր կարծիքներ ու մեկնաբանություններ են անում դեպքի վերաբերյալ, Yerkir.am-ի հետ զրույցում Ե. Սարգսյանը պատասխանեց. «Եթե անձը կարող է ազդեցություն ունենալ գործի ելքի վրա և պաշտոնապես կարծիք է հայտնում, որի մեջ կանխակալություն կա, բնականաբար, ճիշտ չեմ համարում: Օրինակ` եթե քննիչը, ներկայիս ոստիկանապետը նման բան ասի, գլխավոր դատախազը կամ դատախազության աշխատակիցը: Բայց Ալիկ Սարգսյանն ի՞նչ առնչություն ունի էդ գործի հետ, որևէ մեկը կբացատրի՞»:
Նշենք, որ դեռևս մեկ ամիս էլ չկա, ինչ նախաքննություն է ընթանում, և, մասնագետների կարծիքով, բավական քիչ ժամանակ է` որևէ լուրջ բացահայտումներ անելու համար: Վ. Էլբակյանն էլ նշեց, որ օրենսդիրը մինչև մեկ տարի ժամանակ է սահմանել` նախաքննություն կատարելու համար: