կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-02 13:24
Մշակույթ

Լավաշի հայտի` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունմանը նպաստել է նաև Ադրբեջանի հակափաստարկների անհեթեթությունը

Լավաշի հայտի` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունմանը նպաստել է նաև Ադրբեջանի հակափաստարկների անհեթեթությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը նշեց, որ մինչև հայտի հաստատումը մեր հարևան երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, նամակներ էին գրել կոմիտեին: Այդ նամակ-բողոքները մեր հայտի հետ միասին դրվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

 

«Սրան ի պատասխան, մեր մշակույթի նախարարն էլ նամակ գրեց, որը նույնպես տեղադրվեց կայքում: Կոմիտեն 24 անդամ ունի: Մենք սկսեցինք աշխատել նրանց հետ` ներկայացնելով փաստեր: Սկսեցինք 24 անդամ երկրների դեսպանների հետ հանդիպել ու մեր հայտը քննարկել, բացատրական աշխատանքներ տանել` հայտի հետ կապված, ինչպես նաև Արդբեջանի և Թուրքիայի ներկայացրած բողոքների անհեթեթությունը ներկայացնել»,- ասաց Կաժոյանը:

 

Նա նշեց նաև, որ որևէ այլ երկրի առարկություն այս առումով անընդունելի է, որովհետեւ այն, ինչ մենք ունենք` լավաշի հետ կապված, չի կարող ունենալ որևէ այլ ժողովուրդ:

 

Ըստ Կաժոյանի` մեր հայտում շեշտը ոչ թե դրված էր այն բանի վրա, թե ումն է լավաշը, այլ լավաշի դերի` մեր մշակութային կյանքում, կենցաղում, գրականության մեջ: «Մենք շատ շահեկան իրավիճակում էինք, և այդ հարցում մեզ օգնեց հարևանների փաստարկների անհեթեթությունը»,- ասաց նա: