կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 18:39
Առանց Կատեգորիա

«Դիմակ ունեցի՛ր, բայց մի՛ կրիր». կառավարության հերթական անհեթեթությունը

«Դիմակ ունեցի՛ր, բայց մի՛ կրիր». կառավարության հերթական անհեթեթությունը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տ. Ավինյանը մայիսի 14-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց հետևյալը (բառացի մեջբերում). «Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից»: 

Հայերենին անգամ մակերեսորեն տիրապետող յուրաքանչյուր ոք համավարակի դեմ միջոցառումների թիվ մեկ պատասխանատուի այս խոսքերից կարող է եզրակացնել, որ ներկայումս գործում է հանրային փակ վայրերում դիմակներ կրելու պահանջը, իսկ մայիսի 25-ից սկսած այդ պահանջը տարածվում է նաև բաց տարածքների համար: Ինչևէ: Սա՝ ցերեկվա պաշտոնական հայտարարությունն էր: Անցնենք առաջ: Եկավ նույն օրվա՝ մայիսի 14-ի երեկոն: Նույն պարետ և նույն փոխվարչապետ Տ. Ավինյանը ժամը 23:20-ի պաշտոնական գրառմամբ տեղեկացրեց, նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ, որոնց շարքում պարետը նշել է բառացիորեն հետևյալը. «Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում»: 

Մայիսի լույս 15-ի գիշերվա այս հայտարարությանը հաջորդած ցերեկը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը առնվազն երկու լրատվամիջոցի մեկնաբանելով փոխվարչապետի այս գրառումը՝ բառացիորեն ասել է, որ «Դրսում դիմակներ կրելը ևս պարտադիր կլինի մայիսի 18-ից» կամ, մեկ այլ լրատվամիջոցի դեպքում,  «դիմակները բաց և փակ տարածքներում կրելը պարտադիր է դառնում մայիսի 18-ից սկսած»

ՀՀ պարետի 2020 թվականի  մայիսի 14-ի համար 74 որոշմամբ էլ, որն ուժի մեջ է մտել մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին և այսօր գործում է, բառացիորեն ասված է հետևյալը. «Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է»:

Կրկին հայերենին անգամ մակերեսորեն տիրապետող յուրաքանչյուր բանական արարած վերոբերյալ՝ Պարետի գրառումից, խոսնակի մեկնաբանություններից և որոշման կետի ընթերցումից կարող է եզրակացնել, որ ինքը դիմակ պետք է կրի հանրային և փակ, և բաց տարածքներում՝ սկսած մայիսի 18-ից:  

Նույն բանական քաղաքացին օրինաչափորեն հարցնում է՝ մայիսի 18-ի՞ց կրի, թե՞ 25-ից, ու՞մ հավատա, կամ Պարետի՝ օրվա ո՞ր ժամանակահատվածի հայտարարությանը հավատա, որ չտուգանվի: 

Պարզորոշ է՝ գործ ունենք հերթական «бардак»-ի կամ կառավարության՝ ամենապարզունակ հարցերին հստակ կարգավորումներ տալու և վերջնական որոշմամբ հանդես գալու տոտալ անկարողության հետ: Այս պայմաններում բնավ զարմանալի չէ, որ ԱԺ տարբեր հանձնաժողովների նիստերում այս օրերին հենց պատգամավորները ներկայանում են առանց դիմակի, և որևէ խոսք չկա վերջիններիս տուգանելու մասին: 

Նման դեպքերում կարող ենք վստահաբար փաստել, որ պետական մարմինների ղեկավարները ուղղակի չեն կարդացել ՀՀ պարետի 2020 թվականի  մայիսի 14-ի որոշման 2-րդ և 4-րդ հավելվածները, բացարձակ անտեղյակ են պետական կառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններին և չգիտեն, թե ինչ է պահանջվում պետական կառավարման մարմինների ղեկավարներից՝ մարմնի գրասենյակային տարածքներում իրագործելու համար: Այսինքն՝ ձուկը հենց գլխից է հոտած, և իշխանություններն իրենք անգամ լուրջ չեն վերաբերվում սեփական որոշումներին:  

Պարզորոշ է՝ Պարետի և՛ որոշման, և՛ ԱԺ-ում ունեցած ելույթի տեքստերը կազմել են մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել իրար հետ: Ավելին՝ չի աշխատել պետական կառավարման համակարգը, այսինքն՝ տարբեր և միմյանց հետ որևէ կապ չունեցող անձանց կողմից գրված երկու տեքստերը չի համադրվել ավելի վերին օղակների, օրինակ՝ փոխվարչապետի աշխատակազմի և այլնի կողմից, ինչի արդյունքում էլ՝ Տ. Ավինյանի հայտարարությունները որևէ աղերս չունեն կայացրած որոշումների հետ:  

Վերոնշյալ թնջուկը երևի բավական չէր, և, հավանաբար, հասարակությանը լիարժեք հունից հանելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն մայիսի 19-ին ԱԺ-ում ունեցած ելույթում է՛լ ավելի խճճեց վիճակը՝ հայտարարելով, որ մայիսի 14-ի որոշմամբ սահմանվել է, որ բաց տարածքներում դիմակի առկայութունը պարտադիր է, սա դեռ չի նշանակում, որ դիմակը պետք է մարդու դեմքին լինի: 

Փակ տարածքում դիմակ չկրելու համար տնտեսվարողին 100-300 հազար դրամ տուգանելը համաչափ, իսկ բաց տարածքում նույն դիմակը գրպանում չունենալու համար 100-250 հազար դրամ տուգանքը նվազեցնելով 10 հազարի՝ փոխնախարարը հայտարարեց, որ դիմակը դրսում պարտադիր չէ կրելը, բայց պետք է իր հետ ունենալ։ Նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից տեղափոխվի փակ տարածք՝ հնարավորություն ունենա օգտագործելու այդ դիմակը։ Ձեռնոցներ կրելու պահանջը ևս դրսում պարտադիր չէ:   

Եթե ամփոփենք դիմակ կրել-չկրելու մասին որոշումների և մեկնաբանությունների ընթացքը՝ կստացվի հետևյալը. 1. պետք է դիմակ կրել ոչ միայն ներսում, այլև դրսում՝ մայիսի 25-ից սկսած (Պարետ, մայիսի 14-ի առավոտ, ԱԺ), 2. պարտադիր է լինելու դիմակների առկայությունը հանրային բաց վայրերում՝ մայիսի 18-ից սկսած (Պարետ, մայիսի 14-ի ուշ երեկոյան գրառում՝ ըստ մայիսի 14-ի որոշման), 3. պետք է դիմակ կրել ոչ միայն ներսում, այլև դրսում՝ մայիսի 18-ից սկսած (վարչապետի խոսնակ, մայիսի 15-ի պաշտոնական մեկնաբանություններ), 4. բաց տարածքներում դիմակի առկայութունը պարտադիր է, կրելը՝ ոչ (ՀՀ արդարադատության փոխնախարար, մայիսի 19-ի առավոտ, ԱԺ): 

Վերոհիշյալը մի բանի մասին է խոսում. դիմակ կրելու գործընթացը ևս ձախողվելու է: Եվ դա տեղի է ունենալու որոշումների մեջ ակնհայտ սխալ ու հակասական ձևակերպումների պատճառով: Եվ փոխանակ շտկվեն հիշյալ հիմարությունները (օրինակ՝ «Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է» մոլորեցնող ձևակերպման փոխարեն նշվեր «Քաղաքացին հանրային բաց և փակ տարածքներում պետք է կրի դիմակ» պարզ, հասկանալի և հստակ ձևակերպումը), պաշտոնյաներն զբաղված են դրանք դեֆորմացիայի ենթարկելով, վարչապետի օրինակով «крутит»-ներ անելով և հանրությանը հիմարի տեղ դնելով, ինչի արդյունքում իրավիճակն է՛լ ավելի է անլրջանում, որոշումները՝ ձախողվում են, իսկ դրությունը դառնում է աղետալի:   

Եզրակացնենք. եթե իշխանությունները չեն կարողանում այսպիսի տարրական խնդիրներ կանոնակարգել, ապա վերջիններիցս սպասել, թե արցախյան բանակցություններում, տնտեսության զարգացման մեջ և այլուր կգրանցեն շրջադարձային հաջողություններ, առնվազն անլուրջ է: Իսկ լուրջ է մեկ բան՝ իշխանությունների հայտարարություններին և որոշումներին այլևս լուրջ վերաբերվել չի կարելի, իսկ Հայաստանի Հանրապետությանը հարկավո՞ր են նման կառավարիչներ, թե՞ ոչ, դա արդեն այլ քննարկման հարց է: 

Վ. Սարգսյան