կարևոր
3178 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-02 15:17
Քաղաքական

ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտի ճակատագիրը բացասական է լինելու. Սերգեյ Ստանկևիչ. AlphaNews

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։

Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ն այժմ նման բան լրջորեն չի քննարկի։

«Եթե հայտ ներկայացնելու նման մտադրություն կա, ինչու ոչ։ Բայց ես ենթադրում եմ, որ այդ հայտի ճակատագիրը բացասական կլինի, քանի որ Եվրամիությունն արդեն այն չէ, ինչ եղել է տարիներ առաջ։ Եվ ԵՄ-ն ամենևին էլ հակված չէ ընդլայնման, առավել ևս՝ կոնֆլիկտային ընդլայնման։ Իսկ Հայաստանը դեռ չի հաղթահարել իր կոնֆլիկտային վիճակը։

Իմ փորձագիտական կարծիքով՝ այժմ Հայաստանի համար գլխավոր առաջնահերթությունը կոնֆլիկտային իրավիճակի ավարտն է։ Եվ գտնել ապագայի այնպիսի պատկեր, որը նոր կոնֆլիկտներ չի առաջացնի։ Սա առաջնային խնդիր է։ Իսկ երբ լինի կայուն, խաղաղ, աշխարհում իր տեղն իմացող պետություն, այն կարող է լիովին հավակնել ցանկացած դաշինքի։ Հիմա նման բան, իմ տեսանկյունից, լրջորեն չի դիտարկվի ԵՄ-ի կողմից։ Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն ինքն է այժմ բավականին կարևոր ճգնաժամ ապրում», — ասել է Ստանկևիչը։

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրամիությանն անդամակցությունը չի բացառում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։

«Այս ամենը կարելի է քննարկել, բայց Ռուսաստանի հետ նոր հակամարտության քաղաքականություն մտցնելու կարիք չկա, դա զուտ սպեկուլյացիա է։ Եվրամիությանն անդամակցությունը բնավ չի բացառում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։ Դա ՆԱՏՕ չէ ։ Օրինակ, Հունգարիան մտնում Է Եվրամիություն, և Ռուսաստանին դա ոչ մի կերպ չի խանգարում։ Ռուսաստանն այնտեղ ատոմակայաններ է կառուցում։ Երբ դրանք ռազմական բլոկներ են, կամ-կամ հարց է առաջանում։ Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ տնտեսական համայնքների, ապա ինչու ոչ», — նշել է Ստանկևիչը։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ ԵՄ-ի կողմից ոչ մի խրախուսական ժեստեր չեն լինի։

«ԵՄ-ում այժմ թիմի ամբողջական փոփոխություն կլինի։ Հունիսին կլինեն Եվրախորհրդարանի ընտրություններ, որից հետո Եվրամիության ողջ ղեկավարությունը կփոխվի։ Այնպես որ, ես Հայաստանի փոխարեն գոնե կսպասեի, մինչև կլինի Եվրամիության նոր ղեկավարությունը։ Հնարավոր է, որ այնտեղ զգալի տեղաշարժ լինի դեպի աջ։ Իսկ Եվրոպայում աջակողմյան կուսակցություններն ամենևին էլ տրամադրված չեն հետագա ընդլայնման։ Նրանք արդեն ընդլայնվել են այնպես, որ չգիտեն, թե ինչ անել այդ կազմի հետ»,- եզրափակել է Ստանկևիչը։