կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 14:44
Առանց Կատեգորիա

Անդրանիկ անհեթեթությունը

Անդրանիկ անհեթեթությունը

Հայերս վաղուց սովորել ենք հարևան երկրի առաջնորդների տարօրինակ, երբեմն չափազանց տարօրինակ հայտարարություններին, մտքերին, նույնիսկ ոչ ուտելի բաները ուտելու փորձերին: Սովորել ենք դրանց նայել ժպիտով և ներողամտորեն: Ահավասիկ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երբ գալիս է Ջավախք ու հայտարարում, թե այդ երկրամասն իր օրոք մեծ առաջընթաց է ապրել, որովհետև այնտեղ «խորացել է վրացական մտածողությունը», դրան արձագանքել այլ կերպ, քան անհեթեթության վրա ներողամտորեն ժպտալով, հնարավոր չի լինում: Եվ այդպիսի անհեթեթ մտքեր ծամծմելը հավասարազոր է դառնում նրան, եթե ծամել փորձես սեփական փողկապդ:

 

Պարզվում է՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լավագույնս շարունակում է իր նախորդի ավանդույթները. նա արդեն հասցրել է անդրանիկ անհեթեթությունը հրապարակ նետել: «Վրաստանի իշխանություններն այնպիսի հասարակություն կստեղծեն, որ աբխազներն ու օսերն իրենք կցանկանան դրա մասը դառնալ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Դուրս է գալիս, որ ազգերի համար սեփական անկախությունից ու ինքնիշխանությունից ավելի վեր բան էլ կա, և դա Մարգվելաշվիլիի… «այնպիսի հասարակությունն» է: Անշուշտ, նա նկատի է ունեցել արդար, ժողովրդավարական արժեքներով ապրող, բարեկեցիկ քաղաքացիական հասարակությունը: Սակայն մի՞թե նույնիսկ այդպիսի հասարակությունը կարող է ավելի ցանկալի ու նախընտրելի լինել, քան որևէ ազգի անկախությունը, նրա պետական ինքնիշխանությունը, իր ապագան սեփական ձեռքերով կերտելու ազատությունը:

 

Ակնհայտ է, որ Մարգվելաշվիլին հիմար բան է ասել: Եվ թե որքան է հիմար ասվածը, կարելի է պատկերացնել օրինակով. պատկերացրեք, որ արցախցին երբևէ ցանկանա ապրել` ադրբեջանական հասարակության «մի մասը դարձած», ինչ է թե այդ հասարակությունը «այնպիսի» հասարակություն է:

 

Այս իմաստով, հետաքրքիր է իմանալ, թե Վրաստանի նորընտիր նախագահն ինչ կարծիք ունի Ջավախքի և այնտեղ բնակվող հայերի մասին՝ «վրացական մտածողության խորացման» և դա որպես «առաջընթաց» ներկայացնելու առումով: Միգուցե Գ. Մարգվելաշվիլիի «այնպիսի հասարակությունը» ջավախքցիներին նույնպե՞ս մոռանալ կտա նրանց բոլոր ազգային խնդիրները, ինչպես նաև ձգտումներն ու երազանքները:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ