Հիմա մենք ի՞նչ քննարկենք կառավարության հետ. ԲՀԿ-ական պատգամավոր
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին, նշեց, թե ընդդիմության եւ ԲՀԿ-ի կողմից իշխանություններին ներկայացրած 12 կետերի շուրջ մասնագիտական քննարկումների մեջ չեն մտել:
«Խնդիրը քաղաքական կամքի ցուցաբերման մեջ է: Ժամանակը առավել բավարար էր, որպեսզի կառավարությունն իրականացներ այդ կետերը։ Բայց տեսնում ենք, որ դրանք չեն արվել։ Եվ հիմա մենք գնանք, ասենք, որ մտնում ենք երկարատև մասնագիտական քննարկումների մե՞ջ: Այս պահին դա չի համընկնում համաժողովրդական շարժման ռազմավարության և հռչակած նպատակների հետ»,- շեշտեց Մելքումյանը:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե իշխանություններն ամեն դեպքում շարունակելու են բանակցությունները, ապա ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք որևէ բովանդակային կամ բանակցային գործընթացի պատրաստակամություն չեն հայտնել, միայն վերահաստատել են իրենց քաղաքական դիրքորոշումը:
«ԲՀԿ-ն վերահաստատել է իր քաղաքական դիրքորոշումն առ այն, որ կառավարությունն ունի ռեսուրսներ, միջոցներ: Հիմա մենք ի՞նչ քննարկենք նրանց հետ։ Թող ցույց տա, որ կարողանում է կատարել, հետո մենք արդեն զուգահեռ գնացող քաղաքական գործընթացներով կթելադրենք հետագան»,- նշեց նա՝ ավելացնելով, թե, իր անձնական կարծիքով, կառավարությունը պետք է իրականացնի նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: