Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի համար դեռևս անորոշ է, թե որ միությունը ինչպես կանդրադառնա Հայաստանի ապագայի վրա, մի բան հաստատ է, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականության մեջ ընտրի միայն մեկ ուղղություն, այլ, ինչպես երկրի նախագահն է ասում, պահպանել «և,և»-ի քաղաքականությունը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանը` մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում Ուկրաինայում և Հայաստանում առկա հասարակական տրամադրությունները:
Նա նշեց, որ Ուկրաինայում ամբողջ գործարար աշխարհը պահանջում էր ղեկավարությունից մերձեցում Ռուսաստանի հետ, որովհետև Ուկրաինայի ապրանքի 70 տոկոսը արտահանվում էր Ռուսաստան: Ինչ վերաբերում է Հայաստանում Մաքսային միությանը դեմ ուղղված բողոքի ալիքին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետք չէ համեմատություն անցկացնել Հայաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև Հայաստանն ունի անվտանգության խնդիր: «Հայ ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, և ավելի շատ իշխանություն-հասարակություն բանակցություններ կլինեն, քան փողոց դուրս գալու երևույթներ»,- ասաց պատգամավորը:
Նա նաև համաձայն չէ այն կարծիքին, որ Հայաստանը խախտել է «և, և»-ի քաղաքականությունը, նրա խոսքով` ԵՄ-ն շարունակում է հայտարարել, որ դեռ շարունակելու է իր հարաբերությունները Հայաստանի հետ: Հարցին`պե՞տք է վստահել երկրի արտաքին քաղաքականությանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դուք հիմա կարո՞ղ եք ասել` ես որտե՞ղ եմ նստած, լա՞վ տեղ, թե՞ վատ տեղ, մութ սենյակո՞ւմ, թե՞ լուսավոր, ուրեմն ո՞նց կարող ենք երաշխավորել, թե ինչ է տալու Հայաստանին այս կամ այն միությունը»:
Ըստ պատգամավորի` ճիշտ կլինի, որ իշխանությունները մանրամասն բացատրեն ժողովրդին, թե ինչ է տալու Հայաստանին ու նրա ժողովրդին ԵՄ-ն և ինչ է տալու Մաքսային միությունը: Եվ քանի որ դեռևս առկա է Արցախի չլուծված խնդիրը, ուստի պետք է կողմնորոշվել դեպի այն կառույցը, ուր այս հարցով կտան երաշխիքներ:
Անդրադառնալով Պուտինի այցին` նա նշեց, որ հանդիպումները նման հզոր պետության ղեկավարի հետ արդեն մեծ առավելություն է, բայց թե ինչ հարցեր կքննարկվեն, ինչ ուղղություններ կդիտարկվեն, դա ոչ ոք չգիտի: Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Պուտինը ճնշում գործադրելու միջոցով է հասնում իր ուզածին, նա վստահեցրեց. «Պուտինը երբեք չի ճնշել ու հիմա էլ չի ճնշի: Հետո` մենք էնքան էլ ճնշվող ազգ չենք»: