կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 13:59
Քաղաքական

Կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին քննարկենք` ինչպես պաշտպանել Արցախն ու Հայաստանը. Իշխան Սաղաթելյան

Կառավարության երեկվա նիստում ձեր քաղաքական առաջնորդը շատ մանրամասն նկարագրեց իրավիճակը Արցախում, նշեց սպառնալիքների մասին, խոսեց Արցախի հայաթափման, էթնիկ զտման մասին և, ըստ էության, շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջև: Դրանից ժամեր հետո խոսվեց արտահերթ նիստի մասին, և շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ երկրի անվտանգության, մեր երկրի պաշտպանության ու հնչած խնդիրների վերաբերյալ: Բայց ի՞նչ ենք այսօր քննարկում, ու այդ ֆոնին քաղաքական մեծամասնությունն ինչո՞վ է հանդես գալիս` ՏԻՄ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելով: Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

Նախագիծը համարվել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու:

«Թշնամական զորքերը ներխուժել են Փարուխ, գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, և ի՞նչով ենք մենք զբաղված այս պահին խորհրդարանում: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր ժողովրդին: Հիմա Ստեփանակերտում, Կարմիր Շուկայում, Խրամորթում ապրող արցախցին, հայ մարդը ի՞նչ է մտածում այս խորհրդարանի ու քաղաքական մեծամասնության մասին:

Ես ձեզ ընդհանրապես կարող եմ շատ լուսավոր և գործնական առաջարկ անել՝ եկեք փոխեք Սահմանադրությունը, մեկ է՝ արդեն մեծամասնություն եք, ինչ ուզեք՝ կանեք, մեկ է՝ արդեն կարծես թե սահմանադրական մեծամասնություն եք, փոխեք ու Սահմանադրության այն կետը, որով ասվում է, որ ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները պետք  է ձևավորվեն ընտրությունների միջոցով, փոխեք ու ասեք` «սրանից հետո բոլոր գյուղապետերին, քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին, չմոռանաք նաև Երևանի քաղաքապետին, նշանակում է ՔՊ-ն»: Փակեք այդ հարցը: «Ժողովրդավարության բաստիոն»  Հայաստանում դա լավ արձագանք կգտնի, ու միջազգային գործընկերները կողջունեն»,- հեգնեց Սաղաթելյանը:

«Այս խորհրդարանն ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Ինձ մոտ տպավորություն է, որ դուք, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու՝ ձեր առաջնային գլխավոր պատասխանատվությունը թողած, մտածում եք ձեր իշխանությունն ամրապնդելու մասին, որ հավանական կորուստների դեպքում կարողանաք պահել ձեր իշխանությունը:

Այս խորհրդարանը պետք է գումարեր արտահերթ նիստ, որ քննարկեր պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու հարցը, ամբողջն ուղղեր երկրի պաշտպանությանը, պետք է գումարեր նիստ` քննարկելու երկրում ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հարցը, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք մեր երկրի պաշտպանությունը կազմակերպել: Հետևաբար, այս խորհրդարանը հեռու է այս երկրի իրական վտանգները գիտակցելուց, քննարկելուց և ելքեր փնտրելուց:

Ես ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում դուրս գալ փողոց, ամսի 5-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում մենք միասին քննարկենք, ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր և գործողություններ ձեռնարկենք»,- եզրափակեց դաշնակացական գործիչը: