կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 17:35
Իրավական

Կյանքիս գնով հասնելու եմ արդարության. 3 տարի կալանքի տակ գտնվող տղայի ծնողները հացադուլ են սկսել

Կյանքիս գնով հասնելու եմ արդարության. 3 տարի կալանքի տակ գտնվող տղայի ծնողները հացադուլ են սկսել

Մոտ 3 տարի կալանքի տակ գտնվող` 28-ամյա Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը և եղբայրը ՀՀ նախագահի նստավայրի մոտ հացադուլ են սկսել` պահանջելով, որ Սերժ Սարգսյանը միջամտի իրենց որդու դեմ հարուցված քրեական գործի քննությանը, քանի որ այն աչառու կերպով է կատարվում:

 

«Եթե արդարացման դատավճիռ չլինի, նախագահը պիտի միջամտի, որովհետև արդեն էնպիսի ուժերի առջև ենք կանգնած, որ անզոր ենք»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը: Նա նշեց նաև, որ Աշոտի ընկերներն ու բարեկամներն էլ են պատրաստվում այդ քայլին դիմել` ի պաշտպանություն Աշոտի:

 

Լավրենտի Առուշանյանի խոսքով` որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է, և գործի քննության ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դարձել որդու անմեղությունը, սակայն դատարանը ճնշումների ներքո շարունակում է օբյեկտիվ չլինել:

 

Աշոտը մեղադրվում է «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողության գործով հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջԳործն արդեն երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել` Առուշանյանին դատապարտելով 5.5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել է, և Վճռաբեկ ատյանը բեկանել է դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել Աշոտի նկատմամբ:

 

Հայրը պատմեց, որ Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում Արտաշես Գալստյանի (նույն գործով մեղադրյալ) ցուցմունքն էր, որը դատարանն անթույլատրելի ապացույց էր ճանաչել: Կան ապացույցներ, որ այդ ցուցմունքն Արտաշեսը տվել է բռնությունների արդյունքում: Ավելին` Լավրենտի Առուշանյանի խոսքով` գործում կան նյութեր, համաձայն որոնց, քննիչ Մուշեղ Ալեքսանյանը բջջայինով խոսել է Արտաշեսի հոր հետ, որից հետո Արտաշեսը ցուցմունք է տվել Աշոտի դեմ, և մեկ օր անց նրա խափանման միջոցը փոխվել է, ազատ է արձակվել կալանքից: Սակայն ազատության մեջ գտնվելուց օրեր անց Արտաշեսն ու նրա հայրը ինքնասպան են եղել:

 

Լավրենտի Առուշանյանը շեշտում է այն հանգամանքը, որ Աշոտը, որին մեղադրում են հանցագործությանն օժանդակելու մեջ, կալանքի տակ է, իսկ ահա Արտաշեսին, ով ծանր հանցագործության մեջ է մեղադրվելիս եղել, կալանքից ազատ են արձակել:

 

Նա պատմեց նաև, որ որդուն ձերբակալել են նրա հարսանիքից 20 օր առաջ, իսկ 8 օր առաջ էլ պետք է թեկնածուական ատենախոսությունը պաշտպաներ: Որպեսզի նրա դեմ խափանման միջոց կալանքը չկիրառվի, հարազատները մոտ 60 միլիոն դրամի գույք են առաջարկել գրավադրել, սակայն միջնորդությունը մերժվել է:

 

Մոտ 15 օր առաջ էլ նոր միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, քանի որ Աշոտն առողջական խնդիրներ ունի, սակայն այդ միջնորդությունն էլ է մերժվել:

 

Մանրամասները` տեսանյութում: