Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
28-ամյա Աշոտ Առուշանյանն արդեն երեք տարի կալանքի տակ է: «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողության գործով նա մեղադրվում է հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջ:
Գործն արդեն երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել` Առուշանյանին դատապարտելով 5.5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել է, և Վճռաբեկ ատյանը բեկանել է դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության:
Երկրորդ անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել Աշոտի նկատմամբ: Սակայն Ա. Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին ատյանի դատավճիռը ընդունվել է կոպիտ խախտումներով:
«Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում Արտաշես Գալուստյանի (նույն գործով մեղադրյալ) ցուցմունքն էր: Արտաշես Գալուստյանը հոր հետ ինքնասպան է եղել: Դատարանը գործի քննության ընթացքում որոշում ընդունեց նրա ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչել: Այսինքն` միակ ապացույցը, որը Աշոտ Առուշանյանի դեմ էր, ճանաչեց անթույլատրելի: Եվ ակնհայտ էր, որ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ, սակայն տեղի ունեցավ անսպասելին»,- ասաց փաստաբանը:
Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց նաև, որ գործի քննության ժամանակ հայտնի է դարձել, որ Արտաշես Գալուստյանի հանդեպ նախաքննության ժամանակ տեղի են ունեցել բռնություններ: Դրա մասին դատարանում ցուցմունք են տվել նրա խցակիցները, նաև` Տիգրան Առաքելյանը: Հայտնել են, որ ոստիկանության Էրեբունու բաժնում նույնիսկ գործով տուժողներն են մտել ու ծեծի ենթարկել նրան: Արտաշեսը մեկուսարանում էլ երեք անգամ ինքնասպանության փորձ է արել, սակայն այդ ուղղությամբ քննություն չի արվել:. «Եթե օբյեկտիվ քննություն կատարվեր, պարզ լիներ, որ միգուցե այդ բռնությունները բերեցին ինքնասպանության»,- նշում է փաստաբանը:
Այսօր Աշոտի բարեկամներն ու ընկերները բողոքի ցույց էին անում ՀՀ նախագահի նստավայր մոտ, այնուհետև նամակ հանձնեցին նախագահին` խնդրելով ուշադրություն դարձնել գործով կատարվող ապօրինություններին:
Աշոտի հայրը` Լավրենտի Առուշանյանը, հայտնեց, որ վաղվանից նախագահի նստավայրի մոտ հացադուլ են սկսելու ինքը, կինն ու մյուս երկու որդին: Թեև ինքը դեմ է եղել, որ կինն ու երեխաներն էլ հացադուլ անեն, սակայն նրանք ընդդիմացել են: