կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 19:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիքս 10 տարի իջեցրի, որ տանեն վերջին պատերազմը՝ երիտասարդների կողքին կկանգնեմ մինչև կյանքիս վերջ․ Գեորգի Արիստակեսյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի հարթակից այսօր խոսեց նաև Արցախյան 3 պատերազմների մասնակից, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը, որին ոստիկաններն առևանգել էին ավտոերթի ժամանակ հեծանիվի վրայից ու, բռնություն գործադրելով 70-նն անց մարդու հանդեպ, ապօրինի բերման էին ենթարկել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Գեորգի Արիստակեսյանն ասաց՝ երիտասարդների կողքին կկանգնի մինչև իր կյանքի վերջը, որպեսզի նրանց քթից արյուն չգա։

«Բոլորիս հպարտությունն է, որ ունենք այսպիսի երիտասարդություն։ Ես շատ եմ տխրում, որ 2022 թ-ին Հայաստանում այս շարժումն ենք անում։ Սովորական հանքափորի ընտանիքում եմ մեծացել, հայրենասիրությունը մորս արգանդից եմ ժառանգել։ 1990 թ-ին կամավորագրվեցի՝ դեռ բանակ չունեինք, այնուհետև ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակում էի, հետո Ապրիլյան պատերազմ և վերջապես վերջին պատերազմ․ կասկածում էի, որ չեն տանի՝ ստիպված եղա տարիքս 10 տարով իջեցնել՝ խաբել, որ տանեն»,-ասաց ազատամարտիկը։

Նա նաև պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ դիրքերում ասում էր՝ տղաներ ջան, դուք մեր ազգի Սուրբ Սարգիսն եք, ամբողջ աշխարհի հայությունը ձեզ է նայում, շատերը կուզենային այստեղ լինեին, բայց չեն կարող։

Հիշեցնենք, որ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները խաղաղ ակցիայի վայրից առևանգել էին՝ գլխին ու փորին ոտքով հարվածներ հասցնելով։ Նա Արցախյան 3 պատերազմների կամավոր մասնակից է։

Մանրամասն՝ տեսանյութում․