|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիսում, և այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու: Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Առուշանյանի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի՝ քարոզարշավի ընթացքում այդ գործընթացը նոր երանգներ է ստանում, և իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը:
«Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Արմեն Խաչատրյանն ու նրա գործընկերները Արցախյան պատերազմի ընթացքում ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք և Արցախ:
«Խաչատրյանի կողմից շատ բարձրագոչ հայտարարություններ են հնչում, և պետք է հասկանալ՝ ՔՊ պատգամավորն ինչ լիազորությունների շրջանակում է ակտիվ քարոզարշավ իրականացնում»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև հավելեց. «Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Այսինքն՝ իրենք են սկսել որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ: Սա անընդունելի է»,- ասաց պատգամավորը: