կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 13:20
Քաղաքական

Ընդդիմության ելույթներն ուղղված են այն բանին, որ 24-ի հանրահավաքին ունենան բազմահազար մասնակիցներ. ՀՀԿ-ական պատգամավոր

Ընդդիմության ելույթներն ուղղված են այն բանին, որ 24-ի հանրահավաքին ունենան բազմահազար մասնակիցներ. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ նիստում քառօրյայի օրակարգը քննարկելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը, օգտվելով իր իրավունքից, արտահերթ քննարկման համար ներկայացրել է երկու հարց` կառավարման ճգնաժամի ու Ընտրական օրենսգրքի փոփոխության ընթացակարգերի մասին:

 

«Ունենք երկու արտահերթ նախաձեռնություն ընդդիմության կողմից, ևս չորս հարց ներկայացրել է կառավարությունը` որպես անհետաձգելի հարց, ինչը նշանակում է, որ երեք ամիս ժամանակ կա, որ այդ անհետաձգելի համարվող որոշումներն ընդունվեն: Ըստ ԱԺ կանոնակարգի` ԱԺ նախագահն իրավունք չունի սահմանել հերթականություն արտահերթ հարցերի համար, ուստի ընդդիմության ներկայացրած արտահերթ հարցերը պետք է ունենան առաջնայնություն կառավարության ներկայացրած արտահերթ հարցերի նկատմամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

ԱԺ նախագահն արձագանքեց. «Խնդրում եմ իմ իրավունքների որոշողը չլինեք, որովհետև ես գործում եմ ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում»:

 

Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը հենց այնպես չէ, որ կառավարման ճգնաժամի մասին արտահերթ քննարկման նախաձեռնություն է ներկայացրել, որովհետև հոկտեմբերի 10-ին հանրահավաքին հավաքված ժողովուրդը փաստել է, որ երկրի բոլոր ոլորտներում կա կառավարման ճգնաժամ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ընդդիմության երկու նախաձեռնություններին, նշեց որ դրանցում կան թերություններ ու թերացումներ: «Իմ կարծիքով` ընդդիմության ելույթներն ուղղված են նրան, որ ամսի 24-ին ձեր հանրահավաքին ունենաք բազմահազար մասնակիցներ, բայց այսօր քաղաքական հայտարարությունների ժամ չէ, դրա համար նախատեսված է երեքշաբթիի հայտարարությունների ժամը»,- ասաց նա:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կոչ արեց ընդդիմության ներկայացուցիչներին, որ իրենց կոռեկտ պահեն, օրենսդիր աշխատանքով զբաղվեն, այլ ոչ թե շոու սարքեն ու այլ քաղաքական նպատակներ հետապնդեն: