կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 12:40
Քաղաքական

Ադրբեջանը հասավ այն բանին, որ բանակցությունները կանգ առան

Ադրբեջանը հասավ այն բանին, որ բանակցությունները կանգ առան

ԼՂ խնդրի հետ կապված պայմանական բանակցային գործընթացն արդեն իսկ դադարեցված է, և դրան նպաստեց Ադրբեջանը, որի հստակ նպատակն էր ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծված ռազմական ու քաղաքական վիճակի մասին:

Նրա կարծիքով` ՄԽ-ն պետք է ստանա նոր մանդատ, խոսքը գնում է մոնիտորինգի մասին, քանի որ այսուհետ միջազգային հանրության հայտարարությունները պետք է հասցեագրված լինեն, թե որ կողմն է խախտում պայմանավորվածությունները: Ըստ Իգիթյանի` ՄԽ գործողությունների տրամաբանությունը տանում է դրան, որ ԼՂ-ն բանակցային կողմ դառնա:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նա նշեց, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց հայտարարում է, որ կողմերը պետք է զերծ մնան զենք կիրառելուց:

«Լավ է, որ հայտարարվում է, որ մեր տղաները ամեն ինչ կանեն, կկռվեն, ոգեղեն են, ես միանում եմ այդ կարծիքներին, բայց իշխանության մեջ գտնվող մարդիկ էլ պետք է քայլեր ձեռնարկեն: Երբ Ռոգոզինը հայտարարում է, որ Ռուսաստանը, միևնույն է, շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, ապա ՀՀ իշխանությունները պետք է դիմեն Ռուսաստանին ու պահանջեն դադարեցնել զենքի վաճառքը: Մինչ այժմ Հայաստանի ռազմաքաղաքական դոկտրինում գլխավոր տեղում Ռուսաստանն էր, բայց հիմա իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանին քծնելն արդեն չի օգնում: Եթե ռուսական ռազմաբազայի ժամկետը, դեռ չավարտված, չերկարացնեինք, այդ հարցը պետք է քննարկվեր այս տարվա վերջում: Ինչո՞ւ ենք մեր բոլոր լծակները հանձնում Ռուսաստանին: Ռուսաստանն ամեն օր պետք է ապացուցեր որ մեր դաշնակիցն է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ինչ վերաբերում է երեկ Ստեփանակերտում կայացած` Բակո Սահակյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը, նա կարծիք հայտնեց, որ եթե պետք է բանակցային փուլի մասին խոսեն, դա ճիշտ չի լինի: Ըստ Իգիթյանի` Բակո Սահակյանի տեսակետը հայտնի է, թե ինչպես կարող ենք զսպել Ադրբեջանին, և որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարցի կողմնակիցն է: