կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 17:41
Քաղաքական

Ինչու տապալվեց Ծառուկյանի ասուլիսը

Ինչու տապալվեց Ծառուկյանի ասուլիսը

ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի այսօրվա համատեղ ասուլիսը կարելի է համարել տապալված:

 

Պատճառը ոչ այնքան քաղաքական լրագրողների ներկայությունն էր, որոնց ուղղած հարցերը, որպես կանոն, նպաստում են միջազգային մարզական կառույցների ղեկավարների աչքում մերոնց հեղինակազրկմանը, որքան մարզական լրագրողների պասիվությունը:

 

«Այսօր եկել ա աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը, մի հատ հարց տվեք, բարի գալուստ ցանկացեք, իմացեք խի են եկել»,- ասուլիսի մեկնարկին դիմելով լրագրողներին` խորհուրդ տվեց ԲՀԿ ղեկավարը:

 

Սակայն մարզաշխարհի ներկայացուցիչներին հուզող առաջին իսկ հարցը, ավելի շուտ` պատասխանի թարգմանությունն անհարմար վիճակի մեջ գցեց Ծառուկյանին: 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին մեր թիմի մասնակցությանը վերաբերող հարցին ՀԱՕԿ նախագահը պատասխանեց, որ ինքը կողմ է դրան: Նա, միաժամանակ, դիմեց Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին` խնդրելով, որ նա անձամբ տեղյակ պահի Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի ղեկավարին` մեր թիմի մասնակցության հետ կապված խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար:

 

Սակայն շուրջ 4 րոպե պահանջվեց ասուլիսի թարգմանչից` գլխի ընկնելու համար, որ օտարերկրացի հյուրերն ականջակալներով չեն լսել պատասխանը, և որ այն անհրաժեշտ է թարգմանել: Ծառուկյանը թարգմանչին հրամայեց թարգմանել, սակայն նա ասաց, որ հյուրերը լսել են պատասխանը, թեեւ իրականում հյուրերը սպասում էին թարգմանությանը: Ծառուկյանի հորդորով թարգմանիչը հյուրերից հետաքրքրվեց` արդյո՞ք լսել են հարցը: Իրավիճակից շփոթված Թոմաս Բախը պատասխանեց. «Լսեցի, ուղղակի չգիտեմ` ճիշտ էր, թե` ոչ, ուղղակի հայերենի իմացությունս այնքան էլ լավ չէ»: Անգամ այս պատասխանից հետո թարգմանիչը չկողմնորոշվեց: Եվ միայն Ծառուկյանի հերթական հորդորից հետո, թարգմանիչը խնդրեց ԲՀԿ ղեկավարին` կրկնել հարցը, ապա նոր միայն թարգմանեց: «Շատ լավ է, որ Դուք թարգմանեցիք»,- ասաց Թոմաս Բախը:

 

Պարզվում է` սա մեր մարզական լրագրողներին հուզող միակ կարևորագույն հարցն էր, որ հնչեց ողջ ասուլիսի ընթացքում: Փոխարենը Ծառուկյանը, չդիմանալով քաղաքական լրագրողների ճնշմանը, պատասխանեց վաղվա հանրահավաքի և իր` նախագահի պաշտոնում առաջադրվելուն վերաբերող հարցերին: ԲՀԿ ղեկավարի պատասխանի ընթացքում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները շիվար նստել էին, քանի որ անմիջապես որոշվեց ասուլիսի քաղաքական մասն ու մարզաշխարհից անտեղյակ մի լրագրողի հետ Ծառուկյանի հարցուպատասխանը չթարգմանել: Արդյունքում` կրկին միջազգային հյուրի «աչքից ընկավ» իրեն և ԲՀԿ ղեկավարին խայտառակած թարգմանիչը:

 

Սակայն ՄՕԿ ղեկավարը հայերենի «ոչ այնքան լավ իմացությամբ» գլխի ընկավ, որ ՀԱՕԿ ղեկավարին ուղղված հարցերը միայն քաղաքական են: «Դուք ձեր հարցերը տվեք, մենք գնանք»,- ասաց նա:

 

Մարզական թեմայով հարցեր ծնվեցին միայն այն ժամանակ, երբ Ծառուկյանն ասուլիսը հայտարարեց ավարտված:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: