կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 13:35
Հասարակություն

Ընդդիմադիրների ակցիան Փակ շուկայի մոտ տապալվեց

Ընդդիմադիրների ակցիան Փակ շուկայի մոտ տապալվեց

Փակ շուկայի մոտից  Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 13:00-ին այստեղ «Պահպանենք հուշարձանը օլիգարխներից» քաղաքացիական նախաձեռնության անցկացվելիք ակցիան տապալվել է:  

 

Փակ շուկայի շենքի մոտ են դրա սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների` 2000-ից ավելի աշխատողներ, որոնք վանկարկում են` «բացում, բացում»: Ընդդիմադիրները մի քանի հոգի են, որոնք ամբոխի մեջ չեն երևում:

 

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարզել են պաստառներ` «Ո'չ վարձու ընդդիմախոսներին», «Ո'չ օտարերկյա լրտեսներին», «Ո'չ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Այո' աշխատատեղերին», «Պահպանելով հինը` կառուցենք նորը» և այլ գրություններով:

 

Ի դեպ, ոստիկանները բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին:

 

Ալեքսանյանի կողմնակիցները շարունակում են բղավել` «Ալեքսանյան` շինարար», «Ալեքսանյան` կառուցող»,  «Ալեքսանյան`  հայրենասեր»:

 

Փակ շուկայի քանդմանը դեմ պայքարողները հավաքվել են Մաշտոցի պուրակում և ոչ միայն նախանշված ժամանակին չեկան շուկայի մոտ, այլև ասացին, որ կգան այն ժամանակ  երբ շուկայի մոտից կհեռանան Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: