Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված հարյուրավոր առևտրականներն իրենց խնդրի վերջնական պատասխանն էին պահանջում վարչապետից: Սակայն ոչ թե վարչապետը իջավ, այլ ՓՄՁ-ների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ գնացին վարչապետի հետ հանդիպման:
Իսկ առևտրականները որոշել էին ծափողջույններով աջակցել վարչապետի հետ հանդիպման գնացած ներկայացուցիչներին: Նրանից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ իրենց շարժումը չի դադարելու ու դառնալու է իշխանությունների «Վաթերլոն», որովհետև, նրա խոսքով, յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր Վաթերլոն, և որ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ՓՄՁ-ների պահանջների հետ:
Վարչապետի հետ հանդիպման գնացած ներկայացուցիչները մեկ ժամ տևած քննարկումից հետո դուրս եկան և հայտարարեցին, որ վարչապետն առաջարկել է իրենց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հանդիպման, որպեսզի ամբողջական ու համակարգային ներկայացվեն ՓՄՁ-ներին հուզող բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հովիկ Աբրահամյանը ցուցարարներին ուղարկել էր Ազգային ժողով` ընդգծելով, որ ԱԺ-ն էր տխրահռչակ օրենք ընդունողը:
Վարչապետի հետ հանդիպման գնացածները նշեցին, որ հնարավոր է, որ օրենսդրական փոփոխություններ կատարվեն օրենքում, որոնք կներկայացվեն Ազգային ժողովի հաստատմանը: Նշեցին նաև, որ վարչապետը շատ լավ է տրամադրված և հաստատապես ցանկանում է լուծել ՓՄՁ-ներին հուզող խնդիրները:
«Վարչապետն իսկապես տրամադրված է, որ խնդիրը լուծվի: Հիմա դուք որոշեք, կարող եք գնալ, կարող եք մնալ»,- ասացին վարչապետի հետ հանդիպման առեւտրականները:
Նշենք, որ հավաքվածները, ի պատասխան այս բացատրությունների, գոռում էին. «Սուտ է, չենք հավատում»: «Դե հիմա ո՞նց կարող ենք իմանալ` ինչն է ճիշտ, ինչն է սուտ: Ժամանակը ցույց կտա, իսկ եթե սուտ դուրս եկավ, ուրեմն մենք չենք գնալու տանը նստենք, այլ կրկին դուրս ենք գալու փողոց` բողոքի ցույցերի»,- եղավ պատասխան:
Ցուցարար առևտրականները նաև պահանջում էին հստակ ժամկետներ նշել, թե իրենց խնդիրը վերջապես երբ կլուծվի, ինչին վարչապետի հետ հանդիպած ներկայացուցիչները պատասխանեցին, որ ո'չ վարչապետը, ո'չ էլ որևէ մեկը չեն կարող որևէ ժամկետի մասին խոսել, քանի որ չգիտեն, թե գործընթացը որքան է ձգվելու:
Մանրամասները` տեսանյութում: