կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 20:10
Հասարակություն

Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը՝ «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում

Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը՝ «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ Ազգայի ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին:

 

Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն՝ համարվում է բարերար: Սերժ Սարգսյանը բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին:

 

Հոգաբարձուների խորհուրդը դիտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը և քննարկել նիստի օրակարգի հարցեր: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին:

 

Այնուհետև նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

Իսկ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նիստում նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2014»-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը և ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է: