կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 16:00
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ. Գագիկ Ծառուկյան

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ. Գագիկ Ծառուկյան

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ, նա ասել է այդ մասին, մնացած հարցերը պարոն Աբրահամյանին տվեք. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ–ից դուրս եկած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստվերային դերակատարում ունի ԲՀԿ–ում և «Ծառուկյան» դաշինքում:

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ ցանկություն ունի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծել: «Ձեռքներս ծալած չենք նստում, պատրաստակամ ենք այս կարևորագույն խնդիրները լուծելու ու փոքր-ինչ հնարավոություն տալու մեր ազգին` ոտքի կանգնելու: Այսօր անհատի խնդիր չէ, որ մարդը մտածի պաշտոնի մնալու համար, այլ ազգի խնդիր է: Եթե մենք կարողանանք քարոզարշավը ճիշտ կատարել ու ժողովրդին տեղեկացնել, ուրեմն ժողովուրդը պետք է որոշի իր ապագայի խնդիրը»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, և պատասխանելով հարցին՝ ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ այդ ամենը նրա վրա, Ծառուկյանը հորդորեց գնալ ու ժողովրդին հարցնել, ապա ասաց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, իր որոշումն է: Ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, որ ոչ միայն նախագահին, այլև ցանկացած կուսակցությունում որևէ մեկին չվիրավորել, չնեղացնել, ցեխ չշպրտել: Դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործը ցույց տալ»:

Խոսելով նրա մասին, որ շատ ուժեր չհամախմբվեցին «Ծառուկյան» դաշինքի շուրջ, նա ասաց, որ որևէ մեկը դրա համար մեղավոր չէ: «Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև դա մի մարդու բան չէ: Ես պատրաստ եմ համագործակցել, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, դրանում որևէ մեկը մեղավոր չէ»,- ասաց Ծառուկյանը: