Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից այսօր հետաքրքրվեցին` հնարավո՞ր է վաղը՝ Սերժ Սարգսյանի երդման արարողության ժամանակ բախումներ լինեն, եւ իշխանությունները ուժ կիրառեն: ԱԺ նախագահը հայտարարեց, որ կանխատեսումներ անել չի ուզում:
Դիտարկմանը, թե իշխանությունները նման նախատրամադրվածություն ունե՞ն, նա պատասխանեց. «Գոյություն ունի անվտանգության ծառայություն, իրենք կզբաղվեն օրենքով վերապահված իրենց լիազորություններով: Ես վստահ եմ, որ որեւէ սադրանքի տեղիք չենք տալու»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ովքեր են հրավիրված երդման արարողությանը: Աբրահամյանը հայտարարեց, որ հրավիրյալների ցուցակը ԱԺ աշխատակազմը ճշգրտում է, ինչից հետո տեղեկատվություն կտեղադրվի ԱԺ կայքում, կտրամադրվի լրագրողներին:
Հարցին ի պատասխան` հրավիրվա՞ծ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ նախագահը նախ ժպտաց, հետո հայտարարեց, որ տեղյակ չէ՝ նրան հրավիրե՞լ են, թե՞ ոչ: «Մենք որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»,- նկատեց նա:
Դիտարկմանը, որ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանին չեն հրավիրել, Աբրահամյանն արձագանքեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն համարում է ընտրված նախագահ: «Ինքն էլ մեզ չի հրավիրում»,- կատակեց Հովիկ Աբրահամյանը եւ լրագրողներին հորդորեց լուրջ հարցեր տալ:
Նրան բարկացրեց հարցը, թե արդյո՞ք վաղվա նիստին ներկա է լինելու Գագիկ Ծառուկյանը: «Գագիկ Ծառուկյանին հարցրեք կամ` Գալուստ Սահակյանին: Ընդհանրապես` Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչո՞ւ եք ինձ դիմում»,- սրտնեղեց ԱԺ նախագահը:
Yerkir.am-ի հարցին, որ եթե վաղվա նիստին ԱԺ 6 խմբակցություններից ներկա լինեն միայն 2-ը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ի՞նչ հետեւություններ կանեն, Աբրահամյանը պատասխանեց, որ հետեւություններ կանի նիստն ավարտվելուց հետո միայն: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հայտարարեց, որ լուրջ մարդիկ ենք եւ լուրջ գործերով պետք է զբաղվենք: «Մեկն էլ կարող է Մեղրիում կամ Շիրակում իրեն նախագահ կարգի: Մենք լուրջ մարդիկ ենք, լուրջ գործով պետք է զբաղվենք, գոյություն ունի ԿԸՀ. վերընտրվել է Սերժ Սարգսյանը, մնացածը դատարկ խոսակցություններ են»,- հայտարարեց Աբրահամյանը:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին եւ հայտարարեց, որ մրցակից համարում են բոլորին, եւ ամեն ինչ անելու են, որ հաղթեն: