Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետք»-ը գրում է. «20 տարվա ազատազրկման դատապարտված Այնթափ գյուղի 26-ամյա բնակիչ Աշոտ Շահզադյանը, ով արդեն 3 տարի է՝ «Արթիկ» ՔԿՀ-ում է, «Հետքին» պատմեց, որ 40 օր հացադուլ է արել: Պահանջը եղել է արդար դատաքննությունը: Աշոտը պնդում է, որ անմեղ է. 58-ամյա համագյուղացի Գայանե Ասոյանի սպանության կամ բռնաբարության փորձի առնչությամբ որևէ կապ չունի: «Առաջին ատյանի դատարանն արդեն ինձ 20 տարվա բանտարկություն էր տվել: Դիմել էի Վերաքննիչ դատարան: Հույս ունեի, որ մի բան կփոխվի, որ կպարզվի՝ ես անմեղ եմ: Մտածում էի՝ հո չե՞ն կարա անմեղ մարդուն դատեն: Որոշել էի մինչև վերջ գնամ: 40 օր հացադուլի մեջ մնացի: Իսկ հացադուլից դուրս եկա մորս խաթր: Իմացա, որ մամաս էլ տանն ա ինձ հետ հացադուլ անում»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Աշոտը:
Աշոտ Շահզադյանն ինքն է ներկայացրել վերաքննիչ բողոքը Այս գործն անցել է եռաստիճան դատական համակարգով, բոլոր դատարանները հաստատված են համարել Աշոտ Շահզադյանին վերագրվող հանցանքը, ըստ որի նա է սպանել նույն գյուղի բնակչուհի Գայանե Ասոյանին՝ լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում: Սպանության պատճառն, իբր եղել է Գայանե Ասոյանի կողմից Աշոտ Շահզադյանին «լրբի տղա» ասելը, երբ նա 2011 թ-ի մայիսի 26-ին երեկոյան 22:00-ի մոտ 13-րդ փողոցով անցնելիս բարձր խոսել է հեռախոսով: Սակայն քրեական գործի նյութերով հերքվել է, որ Աշոտը այդ ժամանակ խոսելիս է եղել հեռախոսով: Այսինքն՝ մեղադրանքի մի հատվածը հերքվել է գործով ձեռք բերված ապացույցով: Ըստ մեղադրանքի, Աշոտը, իբր, բռնաբարել է կնոջը: Սակայն երբ ստացվել են դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի սերմնահեղուկ չի հայտնաբերվել, մեղադրանքը փոխվել է՝ դառնալով բռնաբարության փորձ:
Դատավճռում էլ նշվել է, որ Աշոտ Շահզադյանն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ ավարտին չի կարողացել հասցնել բռնաբարությունը: Լսել է դռան թակոցն ու փախել պատուհանից: Իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ետ է վերադարձրել բողոքը: «Հետքը» եղավ Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ պահվում է Աշոտ Շահզադանի վերաբերյալ 3 հատորանոց քրեական գործը: Ահա, թե ինչ պարզվեց քրեական գործից: Ո՞վ էր Գայանե Ասոյանը 58-ամյա Գայանե Ասոյանը հիվանդ կին է եղել՝ երկու անգամ ուղեղի կաթված տարած: Տեղաշարժվել է շատ դանդաղ: Ամուսնացել ու ամուսնալուծվել է երկու անգամ: Ֆինանսապես վատ վիճակում լինելու պատճառով՝ բուժումները պետական պատվերով օգնել է ձևակերպել երկրորդ ամուսինը՝ որպես ազատամարտիկի նախկին կնոջ: Տիկին Գայանեն առաջին ամուսնուց ունեցել է մեկ աղջիկ, երկրորդ ամուսնուց՝ մեկ որդի, ով նոր է վերադարձած եղել զինվորական ծառայությունից: Այնթափի տանը բնակվել է որդու՝ Վաչեի հետ: Այնթափում դեպքից 1 տարի առաջ՝ 2010-ին տուն գնելու պատճառը եղել է նրանց ֆինանսական վատ դրությունը: Տիկին Գայանեն Երևանում վաճառել է բնակարանը, տվել պարտքերն ու եկել, էժան տուն է ձեռք բերել Երևանից դուրս՝ Այնթափ գյուղում: Էլեկտրաէներգիա ստանալու բաժանորդ գրանցված չլինելու պատճառով տունը հոսանքազրկված է եղել: Հարևանը, ով եղել է Գայանեի աղջկա ամուսնու ազգականը սկզբում նրա տան համար հոսանք է տվել ու դրա դիմաց գումար վերցրել տիկին Գայանեից: Իսկ երբ Գայանեն դժվարացել է մուծել հոսաքի գումարը, հարևան- խնամին անջատել է լույսը: Այսպիսով ամիսներով այդ տանը մոմի լույս է վառվել, անգամ Գայանե Ասոյանին սպանելու օրը: Ո՞վ պետք է ցանկանար 58-ամյա կնոջ մահը Թեպետ այս գործով ստեղծվել է քննչական խումբ, այդուհանդերձ քննիչներն ի սկզբանե աշխատել են մեկ վարկածի ուղղությամբ:
Օպերատիվ տեղեկատվություն են ստացել, որ կասկածյալը Այնթափի բնակիչ 23-ամյա Աշոտ Շահզադյանն է, ու չեն քննվել սպանության այլ վարկածներ ևս: Քննիչներին չի հետաքրքրել այն հանգամանքը, թե ով կարող է ցանկանար 58-ամյա կնոջ մահը: Այնինչ քրեական գործում կան Գայանե Ասոյանի քույրերի ցուցմունքները, ովքեր նշում են, որ իրենց քույր Գայանեն նոր էր վերադարձել հիվանդանոցից: Այնտեղ նրան այցելել են, ու Գայանեն ասել է, որ տունը, ճիշտ է, գրանցել է աղջկա անունով, բայց հիվանդանոցից տուն կգնա ու կզբաղվի տունը տղայի անունով գրանցելու գործերով: Այս հանգամանքի վրա դատարանն առհասարակ ուշադրություն չի դարձրել: Բացի այդ, Աշոտ Շահզադյանը նախաքննության վերջին փուլից սկսած տվել է համագյուղացի Թեմուր Ջավոյանի անունը, ով, սակայն, դեպքից 10 օր անց մեկնել է Գերմանիա»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: