Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հացադուլի նստելով` Անդրիաս Ղուկասյանը հույս ուներ ակտիվացնել քաղաքացիական նախաձեռնությունները` ուղղված շինծու ընտրությունների դեմ, եւ այսօր բազմաթիվ մարդիկ այցելում են նրան ու առաջարկում միանալ հետագա գործողություններին. լրագրողներին այսօր ասաց Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ նախագահի թեկնածուի թիմն իր ռազմավարությունն է քննարկում, մշակում, եւ հույս ունեն լուրջ քաղաքացիական պայքար ծավալել:
Արմեն Գրիգորյանը անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի` Գյումրիում արած արտահայտությանը` տոկոսներ «խփելու» մասին: Նա նշեց, որ իրենց թիմը, Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ, ընտրությունները համարում է շինծու, եւ նախագահի խոսքերը հաստատում են դա:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի ցանկությանը` շինծու ընտրությունների դեմ պայքարելու ազդակները հասցնել քաղաքացիական հասարակությանը եւ հասարակական շարժման միջոցով պայքարել դրա դեմ, ապա նրա շտաբի համակարգողը նշեց, որ իրենք շատ կարեւոր են համարում, որ շինծու ընտրությունների գաղափարը հրապարակ են բերել եւ կարողացել են ուշադրության կենտրոնում պահել: Հետեւելով մամուլին` նրանք համոզվել են` այդ մեսիջը, այնուամենայնիվ, տեղ է հասել, եւ մարդիկ գնահատում են Ղուկասյանի գործողությունները:
Որպես Ղուկասյանի իրականացրած ակցիայի ամենակարեւոր ձեռքբերում` Արմեն Գրիգորյանը նշեց, որ կարողացել են քաղաքական օրակարգում պահել շինծու ընտրությունների դեմ պայքարը: Իսկ Ղուկասյանի քայլերից ակնկալվող արդյունքների մասով էլ նշեց, թե սպասելիքները գերակատարվել են, քանի որ նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցներից են արձագանքներ ստացել:
Մեր հարցին` եթե հաշվարկները տվել են ցանկալի արդյունքներ, ինչպե՞ս են դրանք օգտագործվելու հետագա քայլերում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Ղուկասյանի պայքարի շարունակությունն իրենք տեսնում են հասարակական շարժման տարբերակով: Նա քիչ հավանական է համարում կուսակցություն ստեղծելու տարբերակը, քանի որ, ինչպես նշեց, դա կսահմանափակի իրենց գործողությունները, իսկ շարժման դեպքում հնարավորություն ունեն ավելի ազատ ու առանց սահմանափակումների գործելու: «Դրան գումարած` Հայաստանում կուսակցությունները ճգնաժամ են ապրում»,- ավելացրեց Գրիգորյանը:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ են նրանք առանց ռազմավարության մտել քաղաքական կաթսա, քանի որ նա հայտնեց, թե նոր են մշակում հետագա պայքարի ռազմավարությունը, Գրիգորյանը նախ պատասխանեց, թե այն հստակեցվում է, հետո` որ ռազմավարությունը կազմվում է իրենց կատարած հետազոտությունների, դիտարկումների արդյունքների հիման վրա: Վերջում էլ պարզվեց, որ նա նկատի ուներ մարտավարությունը, իսկ ռազմավարությունը ի սկզբանե եղել է:
Լրագրողների խնդրանքով բանախոսն անդրադարձավ նաեւ միջազգային դիտորդների արձագանքներին` Ղուկասյանի հացադուլի եւ քաղաքական քայլերի վերաբերյալ, քանի որ հացադուլ սկսելիս Ղուկասյանը հայտարարել էր, որ իր այդ քայլով ցանկանում է նաեւ միջազգային կառույցների եւ հանրության ուշադրությունը կենտրոնացնել շինծու ընտրությունների վրա:
Արմեն Գրիգորյանն, ամեն դեպքում, նշեց, թե միջազգային դիտորդները միշտ եղել են գործիք` լծակ, որոնք իրենց գնահատականներով եւ ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումներով նպաստել են շինծու ընտրությունների ինստիտուտի խորացմանը: Մեր խնդրանքով Արմեն Գրիգորյանը հայտնեց նաեւ, թե ինչ միջոցներով ու ռեսուրսներով են Ղուկասյանն ու իր թիմը մտադիր հասարակական շարժում զարգացնել, եթե միջազգային հանրության ներկայացուցիչներից էլ որոշ աջակցություն չեն ակնկալում, ներսում էլ` առանձնապես հարուստ չեն:
Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգողը նշեց, որ ռեսուրսների կարիք այնքան էլ չեն զգա, քանի որ իրենք չեն ցանկանում մարդկանց վրա փող ծախսել, որպեսզի նրանք ելնեն պայքարի, իսկ կազմակերպչական հարցերը լուծելու համար էլ լուրջ միջոցներ անհրաժեշտ չեն լինի: Բացի դրանից` նա հույս հայտնեց, որ քաղաքացիական նախաձեռնությունն իր ներդրումները կկատարի համաժողովրդական պայքարում: