Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` «Բանդա 2»-ի գործով այսօր վերջապես դատարան էր եկել վկա Լևոն Հովհաննիսյանը` ամբաստանյալ Տիգրանի հարազատ եղբայրը: Նա մի քանի նիստ շարունակ դատարանին դիմում էր ներկայացնում, թե հրաժարվում է ցուցմունք տալ` որպես ամբաստանյալի մերձավոր ազգական, և խնդրում հիմք ընդունել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Եվ քանի որ նա գործով մեկ այլ ամբաստանյալ` Մնացականի դեմ ցուցմունք է տվել (և հենց նրա ցուցմունքից հետո է Մնացականին մեղադրանք առաջադրվել), ապա դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այնուամենայնիվ, պարտավորեցրեց ներկայանալ դատարան և պատասխանել կողմերի հարցերին:
Դատարանի նախնական հարցերին, թե ամբաստանյալներից ո՞ւմ է ճանաչում և ի՞նչ հարաբերություններ ունի, այս վկան պատասխանեց, թե բոլորին էլ ճանաչում է: Մի քանի անուններ ասաց` նշելով նաև ամբաստանյալ Հայկի անունը: Այս հանգամանքը Հայկին հունից հանեց. «Հերիք ա, էլի, պարո'ն դատավոր: Շառը շառի վրա, ինքը ինձ ճանաչո՞ւմ ա, որ ասում ա` ճանաչում ա»:
Անցնելով հարցաքննությանը` Լևոնը կարճ-կոնկրետ ասաց, որ եղբոր և իր վերաբերյալ որևէ ցուցմունք տալ չի ցանկանում: Այնուհետև հրապարակվեց նրա նախաքննական առաջին ցուցմունքը: Նախորդ տարվա ապրիլին քննիչի մոտ հայտնել է, թե Տիգրանն ու ինքը, թեև եղբայրներ են, սակայն տարբեր մարդիկ են և նույնիսկ վերջին շրջանում ավելի քիչ են շփվել իրար հետ, չեն խառնվել միմյանց գործերին: Տիգրանն ու նրա կինը` ամբաստանյալ Էդիտան, ամուսնացած են եղել մոտ երեք տարի, ամուսնանալուց հետո մեկ տարի իրենց տանն են ապրել, հետո տեղափոխվել են այլ տուն: Ունեն մեկ երեխա:
Վկան պատմել է նաև, որ երեք և ավելի անգամներ եղբոր խնդրանքով գնացել է «Հայբիզնեսբանկ», մոտեցել Էդիտային և նրա միջոցով ստացել տարբեր չափերի գումարներ: Երբեք չի իմացել, թե գումարն ում կողմից է իրեն փոխանցվել: Մի անգամ եղբայրն ասել է, որ ավտոմեքենաների գործ է անում, գումարներն էլ մեքենաների դիմաց տրվող փողերն են:
Մնացականի մասով իր տված նախաքննական ցուցմունքը չլսելու համար վկան դուրս հրավիրվեց դահլիճից, սակայն րոպեներ անց, երբ դատարանը որոշեց նախ հարցաքննել նրան, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, հրապարակել ցուցմունքը, նա այլևս դատարանի շենքում չէր: Ընդմիջում հայտարարվեց: Մոտ 10-15 րոպե անց վկան նորից դատարանի դահլիճում էր:
Մինչ հարցերին պատասխանելը նա դատարանին խնդրեց «մի հատ լվացվել, նոր գալ», սակայն դատարանը մերժեց նրան: Պատմեց, որ Մնացին ճանաչում է 2 տարուց ավելի, իր եղբոր ընկերն է եղել: Տիգրանի կալանավորվելուց հետո մի անգամ Մնացը զանգել է իրեն, խնդրել հանդիպել, բայց այդպես էլ չեն կարողացել հանդիպել, քանի որ որոշ ժամանակ անց Մնացին էլ են կալանավորել:
Վկան խոսում էր հազիվ լսելի ձայնով, կցկտուր և անհոդաբաշխ: Բազմաթիվ հարցերի միջոցով էր միայն հնարավոր դառնում հասկանալ, թե, ի վերջո, ինչ գիտի նա գործի վերաբերյալ:
Մնացականի փաստաբան Լիանա Գրիգորյանի միջնորդությամբ` հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Նախորդ տարվա օգոստոսին նա հայտնել է, թե Մնացը զանգել է իրեն, ասել, թե իրեն ոստիկանությունից կանչել են, ուզում է հանդիպել, իմանալ, թե ինչ ցուցմունքներ է տվել Տիգրանն իր վերաբերյալ, որպեսզի ինքն էլ կողմնորոշվի` ինչ է ասելու: Վկան հայտնել է նաև, թե իբր Մնացականը փորձել է իր վրա ճնշում գործադրել, որպեսզի Տիգրանը հրաժարվի Մնացականի դեմ ցուցմունքներից:
Սրա վերաբերյալ հարցաքննության ժամանակ Լևոնը հերքեց, թե ճնշում է եղել իր վրա, սակայն ցուցմունքը մյուս մասով ճիշտ է: Տարօրինակ էր այն, որ ասաց, թե ցուցմունքն ինքը չի գրել, այլ` քննիչը և գրել է գրիչով: Սակայն իրականում ցուցմունքը տպագիր է:
Տարօրինակ էր նաև այն, որ Լևոնի նախաքննական ցուցմունքում նշվում է ինչ-որ Էդուարդի անուն, ով, իբր, Մնացի դեմ ցուցմունք է տվել: Իսկ թե ո՞վ է այդ Էդուարդը, այդպես էլ հայտնի չդարձավ: Գործով անցնող նման մարդ չկա, վկան ինքն էլ չէր ճանաչում այդ մարդուն:
Հրապարակվեցին նաև վկաներ Վլադիմիր Ստեփանյանի` ամբաստանյալ Վահեի հոր, և Տիգրանին տաքսի ծառայություններ մատուցած Մարտին Շիրակյանի նախաքննական ցուցմունքները: Նրանք հայտնել են, թե ինչ պայմաններում են գնացել «Հայբիզնեսբանկ», գումար ստացել իրենց անձնագրերով և գումարն էլ փոխանցել ամբաստանյալներին:
Հաջորդ դատական նիստում հարցաքննվելու համար դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել ամբաստանյալ Ռաֆայելի կնոջը` Զարուհի Պետրոսյանին: