կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 15:18
Իրավական

Բանդա-2. զինված հարձակումներ տարադրամի փոխանակման կետերի վրա

Բանդա-2. զինված հարձակումներ տարադրամի փոխանակման կետերի վրա

28-ամյա Ռաֆայելը, Տիգրանը, Հայկը, Կարենը ու ևս հինգ հոգի ամբաստանյալի աթոռին են «Բանդա-2» գործով: Նրանք մեղադրվում են զինված խմբով հարձակումներ և խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ:

 

Այդ մեղադրանքներից բացի, Ռաֆայելին առաջադրվել է զինված խումբ` բանդա ստեղծելու ու ղեկավարելու, իսկ մյուս երեքին՝ բանդայում մասնակցություն ունենալու համար մեղադրանք: Նրանք ավազակային հարձակումներ են կատարել հիմնականում տարադրամի կետերի աշխատակիցների վրա:

 

Նրանցից Կարենը մեղադրվում է նաև սպանություն կատարելու մեջ: Համաձայն մեղադրականի` կազմակերպված զինված խմբի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով: Բանդայի անդամներից Կարենը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն:

 

Կարենին սպանության մասով առաջադրված է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի, 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով մեղադրանք, և այս դեպքում պատիժ սահմանվում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

 

Բանդայի անդամներից Տիգրանը իր կնոջ` Էդիտայի և ևս չորս ամբաստանյալների աջակցությամբ «Հայբիզնեսբանկ»-ից հափշատակել է 723.940 դոլար և 83.668.795 դրամ: Էդիտան աշխատել է վերոնշյալ բանկում և մուտք է ունեցել հաճախորդների հաշիվներ: Էդիտան նույնպես գործով մեղադրյալ է և կալանքի տակ է ներկայումս:

 

Գործով անցնող ինը ամբաստանյալներից երեքի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ մյուսների հանդեպ` կալանքը:  

 

Թեև այս գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել այս տարվա մայիսին, սակայն մինչ այժմ դատաքննությունը չի սկսվել: Նիստերը հետաձգվում են հիմնականում ամբաստանյալների` գործում փաստաբան ներգրավելու վերաբերյալ միջնորդությունների պատճառով: Այսօրվա դատական նիստը նույնպես հետաձգվեց նույն պատճառով: Ամբաստանյալներից Կարենը, ով մեղադրվում է ոչ միայն զինված հարձակումների և հափշտակությունների, այլև սպանության համար, դատարանին խնդրեց ժամանակավորապես իրեն հանրային պաշտպան հատկացնել մինչև կկարողանա այլ փաստաբան գտնել:

 

Այս ձգձգումները, կարծես, նյարդացնում են նաև դատավարությունը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին: Մինչ նիստի հետաձգվելու մասին հայտարարելը, նա ասաց. «Սկիզբը «խոստումնալից է», հույս ունենք, որ քննությունը կավարտենք պատշաճ ժամկետներում»:

 

Ի դեպ, այսօր դատարանի գրասենյակ է մուտք արվել «Հայբիզնեսբանկ»-ի կողմից քաղաքացիական հայց` կրած ֆինանսական վնասների փոխհատուցման պահանջի վերաբերյալ: