Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բանդա-2»-ի գործով դատական նիստն այսօր 1.5 ժամ ուշացումով սկսեց: Պատճառը ամբաստանյալ Էդիտային քրեակատարողական հիմնարկից դատարան ուշ բերելն էր:
Էդիտան, բանդայի անդամներից մեկն է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Համաձայն մեղադրանքի` Էդիտան, աշխատելով «Հայբիզնեսբանկ»-ի հաճախորդների սպասարկման բաժնում, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է 723.940 դոլար և 83.668.795 դրամ (ընդհանուր` մոտ 1 միլիոն դոլար): Եվ այս ամենը կատարել է ամուսնու` գործով ամբաստանյալ Տիգրանի հետ նախնական համաձայնությամբ:
Ասօր կրկին դատարան էր կանչվել Տիգրանի մայրն ու Էդիտայի սկեսուրը` Շողիկ Պետրոսյանը: Նախորդ նիստում վկան հրաժարվել էր ցուցմունք տալուց` խնդրելով հրապարակել նախաքննական ցուցմունքը: Սակայն պարզվում է, որ դատարանը նրա տված ցուցմունքներից մեկը շփոթել էր մեկ այլ վկայի` Զարուհի Պետրոսյանի ցուցմունքի հետ:
Այս հանգամանքի վերաբերյալ Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` Զարուհի Պետրոսյանի ցուցմունքները համարել ապացուցողական նշանակությունը կորցրած և դրանք հիմք չընդունել դատական ակտը կազմելիս: Նաեւ նրան հանել դատակոչվածների ցանկից, քանի որ կատարվել է դատավարական խախտում` հրապարակվել է նրա ցուցմունքը, այն դեպքում, երբ չեն ապահովվել վկային դատարան կանչելու պատշաճ միջոցները:
Այս միջնորդությանը միացան մյուս ամբաստանյալների պաշտպանները: Առարկեց մեղադրող դատախազը` նշելով, որ վկան այսուհետ էլ կարող է գալ դատարան և ցուցմունք տալ, պատասխանել կողմերի հարցերին:
Դատարանը որոշեց միջնորդությունը քննել ավելի ուշ, երբ դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ` մյուս ապացույցները հետազոտելու համար, նաև նշեց, որ դատարանի կողմից սխալմամբ հրապարակվել է Զարուհի Պետրոսյանի` միայն լրացուցիչ ցուցմունքը, հետեւաբար նրա տված ցուցմունքը չհետազոտված ապացույց է:
Այնուհետև հրապարակվեց Շողիկ Պետրոսյանի` նախաքննության ժամանակ տրված լրացուցիչ ցուցմունքը: Նա հայտնել էր, որ երկու անգամ գնացել է Նալբանդյան փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ, այնտեղ իրեն երկու անգամ էլ դիմավորել է որդու ընկերը` Մառլենը, ուղեկցել բանկ, մոտեցել է Էդիտային, այնտեղից էլ ստացել է գումարը` մեկ անգամ 10 հազար, մյուս անգամ` 49 հազար դրամ: «Քանի որ ամեն ինչ արվել է Էդիտայի միջոցով, ես վատ բան չեմ մտածել»,- ասել էր վկան:
Կինը զարմացել է նաև քննիչի հայտնած այն տեղեկությունից, որ իր անունով հաշվեհամար կա վերոնշյալ բանկում: Եվ ասել է, որ, բացի գումարներ ստանալուց, այլ գործարքներ չի կատարել բանկում:
Այս ցուցմունքից հետո Շողիկ Պետրոսյանը մոտեցավ ամբիոնին` հարցերին պատասխանելու համար: Պաշտպանը հարց տվեց, թե ինչո՞ւ Տիգրանն ընտանիքի հետ գնաց առանձին ապրելու, վկան պատասխանեց. «Դե, երևի ինձ հետ յոլա չգնացին»:
«Իսկ ինչո՞ւ վարձով բնակարանից այլ բնակարան տեղափոխվեցին: Գիտե՞ք, ովքեր էին նրանց սպառնում» հարցին, վկան պատասխանեց. «Ես արդեն նշել եմ, որ իրենք առանձին էին ապրում, ու ես չէի խառնվում նրանց գործերին: …Գիտեմ, որ պարտքեր ունեին»:
Այնուհետև փաստաբան Սիմոն Ամիրխանյանն ասաց. «Ձեր տղայի շահերից է նաև այս հարցերին պատասխանելը»: Սակայն վկան այլ հարցերի այլևս չպատասխանեց:
Հարցաքննվեց նաև վկա Էլեոնորա Հարությունյանը, ով դժվարությամբ` ձեռնափայտով դատարան էր եկել: Նա հայտնեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալ Գոհարիկին, որը մեղադրվում է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը Էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրանի հետ նախնական համաձայնությամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 դրամին համարժեք 119.900 դոլար և 23.923.795 դրամ հափշտակելու համար:
«Քաղաքացի' դատավոր, ես երեք անգամ վիրահատվել եմ: Ու Գոհարիկն ինձ իմ աղջկա պես խնամել է»,- պատմեց վկան` նշելով, որ մի օր էլ իրեն այդքան լավություն արած իր հարևանուհի Գոհարիկը խնդրել է իր հետ գնալ բանկ ու իր անձնագրով գումար ստանալ: Բացատրել է, թե Տիգրանին Ամերիկայից գումար են ուղարկել, սակայն նրա անձնագիրը մոտը չէ, չի կարող վերցնել:
Կինը չէր ճանաչում Տիգրանին, միայն ասաց, որ Տիգրանը հաճախ է Գոհարիկենց տուն եկել, ու ինքը լսել է, թե ինչպես է նա հեռախոսով բարձր-բարձր խոսում, պատը թակել է, խնդրել, որ ցածր խոսի: Սակայն երբեք նրան չի տեսել:
Նույն սցենարով Տիգրանին «արտասահմանից ուղարկված փողը» բանկից ստացել էր նաև վկա Անահիտ Միրզոյանը: Անահիտին բանկ էր ուղեկցել ամուսինը` վկա Մարտին Շիրակյանը: Մարտինը տաքսու վարորդ է, կնոջն ասել է, որ Տիգրանը մշտական հաճախորդ է ու այդպես օգնել է նրան: Իսկ Մարտինը դատարան չի ներկայանում, կինն ասաց, որ Մոսկվայում է, աշխատելու է գնացել մոտ երեք ամիս առաջ:
Հաջորդ դատականը նիստը սեպտեմբերի 9-ին է: