Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանձնապես խոշոր դրամական գումարների հափշտակություններ կատարելու` «Բանդա-2» գործով դատավարությունը շարունակվում է, և ներկայումս վկաների հարցաքննության փուլն է:
Հիշեցնենք, որ ինը հոգի ամբաստնյալի աթոռին է: 28-ամյա Ռաֆայելը մեղադրվում է զինված խումբ` բանդա ստեղծելու ու ղեկավարելու համար: Համաձայն մեղադրականի` նա 2012 թվականի սեպտեմբերին խմբում ընդգրկել է Տիգրանին: Տիգրանն իր կնոջ` Էդիտայի հետ, ով աշխատելիս է եղել «Հայբիզնեսբանկ»-ում, նախնական համաձայնության գալով, բանկից առաձնապես խոշոր չափերի հասնող գումարներ են հափշտակել ավանդատուների հաշիվներից:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Էդուարդ Ամրոյանը, ով հանցագործության կատարման ժամանակ աշխատել է «Հայբիզնեսբանկ»-ում` ներքին դիտարկումների բաժնում: Ըստ նրա` նկատել են, որ անհասկանալի գործարքներ են կատարվում հաճախորդների սպասարկման աշխատակից Էդիտայի միջոցով: Վկայի խոսքով` մասնավորապես` երկարաժամկետ կնքված ավանդները մարվել են 10-14 օր կամ մեկ ամիս անց, և գումարը փոխանցվել է Գոհար անունով հաճախորդի հաշվեհամարին: Հենց ինքը զրուցել է Էդիտայի հետ, նա էլ այդ տարօրինակ հանգամանքը բացատրել է նրանով, թե ավանդատուները այդ Գոհարի բարեկամներն են և փոխանցումները կատարում են ինչ-որ բիզնես սկսելու համար:
Ի դեպ, Գոհարը նույնպես այս գործով ամբաստանյալ է և մեղադրվում է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը Էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրանի հետ նախնական համաձայնությամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 դրամին համարժեք 119.900 դոլար և 23.923.795 դրամ հափշտակելու համար:
Այս վկան նշեց նաև, որ, ընդհանուր առմամբ, Էդիտային կարող է բնութագրել դրական:
Հաջորդ վկան ամբաստանյալ Տիգրանի մայրն էր` Էդիտայի սկեսուրը: Նա դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ` օգտվելով իր` մերձավոր հարազատի դեմ ցուցմունք չտալու իրավունքից: Հրաժարվեց նաև պատասխանել կողմերի հարցերին, սակայն չառարկեց իր նախաքննական ցուցմունքը հրապարակելու դեմ:
Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ մի քանի անգամ Էդիտայի խնդրանքով գնացել է բանկ և իր անձնագրով գումար է ստացել: Այնուհետև ստացված գումարներն ինքը փոխանցել է Էդիտային: Քննիչի հարցից ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ մոտ 100 հազար դոլար գումար է հանվել այս վկայի միջոցով:
Էդիտայի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ամիրխանյանը, թեև այս վկան հրաժարվել էր ցուցմունք տալ, պնդեց, որ նրան հարցեր տալու հնարավորություն տրվի իրեն, քանի որ իր պաշտպանյալի դեմ վկայություն է տվել:
Իսկ արդեն դատական նիստի վերջում քննարկվեց մերձավոր ազգականների հարցաքննությունը կազմակերպելու հարցը: Բանն այն է, որ գործով ամբաստանյալներից մեկի մերձավոր ազգական-վկան ցուցմունքներ է տվել մեկ այլ ամբաստնյալի դեմ: Եվ այս դեպքում խախտվում է այն անձի` հարցեր տալու իրավունքը, ում դեմ վկայությունը եղել է:
Դատարանի որոշմամբ` հաջորդ դատական նիստում դատարան կանչվելու մասին ծանուցում կստանան Տիգրանի` ցուցմունք տալուց հրաժարված մայրն ու եղբայրը, ինչպեսև մյուս դատակոչված վկաները:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց նաև ամբաստանյալներից Մնացականի եղբայրը: Նա հայտնեց, որ ինքը նույնպես 3-4 անգամ գնացել է «Հայբիզնեսբանկ», մոտեցել է Էդիտային, անձնագիրը տվել նրան, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, գումարը վերցրել, այնուհետև այն տվել է Տիգրանին: Նրա դատական ցուցմունքի համաձայն` իրեն իր եղբայրն է ասել, որ արտասահմանից գումար են փոխանցել, իսկ Տիգրանի անձնագրի ժամկետն անցել է, պետք է իր անձնագրով գումարը ստանա:
Դատական նիստի վերջում «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչը նաև ներկայացրեց քաղաքացիական հայցապահանջի լրացում ամբաստանյալներից մի քանի տասնյակ հազար դոլարների գումարները բռնագանձելու վերաբերյալ: