կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-29 13:21
Իրավական

«Բանդա-2». դատական նիստը հետաձգվեց

«Բանդա-2». դատական նիստը հետաձգվեց

«Բանդա 2» գործով դատաքննությունն արդեն սկսվել է, ներկայումս վկաների հարցաքննության փուլում է, սակայն գործն առաջ է գնում բավականին դանդաղ: Գործը դատարան է ուղարկվել այս տարվա մայիսին, սակայն դեռևս միայն մեկ նիստ է կայացել, մյուսները հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով:

 

Այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց ամբաստնյալ Մնացական Սարգսյանի պաշտպան Լիանա Գրիգորյանի բացակայության պատճառով: Առավոտյան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ փաստաբանը դիմում է մուտք արել` հայտնելով, որ նիստին ներկա չի կարող լինել առողջական խնդիրների պատճառով և խնդրել նիստը հետաձգել:

 

Նշենք, որ ամբաստնյալի աթոռին ինը մարդ է: 28-ամյա Ռաֆայելը, Տիգրանը, Հայկը, Կարենը ու ևս հինգ մարդ մեղադրվում են զինված խմբով հարձակումներ և խոշոր չափի գումարներ հափշտակելու մեջ:  

 

Այդ մեղադրանքներից բացի, Ռաֆայելին առաջադրվել է զինված խումբ` բանդա ստեղծելու ու ղեկավարելու, իսկ մյուս երեքին՝ բանդայում մասնակցություն ունենալու համար մեղադրանք: Նրանք ավազակային հարձակումներ են կատարել հիմնականում տարադրամի կետերի աշխատակիցների վրա:  

 

Նրանցից Կարենը մեղադրվում է նաև սպանություն կատարելու մեջ: Համաձայն մեղադրականի` կազմակերպված զինված խմբի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով: Բանդայի անդամներից Կարենըհանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն:  

 

Կարենին սպանության մասով առաջադրված է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի, 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով մեղադրանք, և այս դեպքում պատիժ սահմանվում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:  

 

 Բանդայի անդամներից Տիգրանը իր կնոջ` Էդիտայի և ևս չորս ամբաստանյալների աջակցությամբ «Հայբիզնեսբանկ»-ից հափշատակել է 723.940 դոլար և 83.668.795 դրամ: Էդիտան աշխատել է վերոնշյալ բանկում և մուտք է ունեցել հաճախորդների հաշիվներ: Էդիտան նույնպես գործով մեղադրյալ է և ներկայումս կալանքի տակ է:  

 

Գործով անցնող ինը ամբաստանյալներից երեքի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ մյուսների հանդեպ` կալանքը: