կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 13:31
Իրավական

«Բանդա-2»-ի ամբաստանյալները այլ խարդախություններ ու գողություններ էլ են արել

«Բանդա-2»-ի ամբաստանյալները այլ խարդախություններ ու գողություններ էլ են արել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս քննվում է «Բանդա 2» քրեական գործը: Ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք կատարել են զինված հարձակումներ տարադրամի կետերի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի սպանվել է, «Հայբիզնեսբանկից» հափշտակվել է մոտ մեկ միլիոն դոլար:

 

Հետաքրքիր է այն, որ գործով ավելի ծանր արարքներ կատարած ամբաստանյալները, բացի բանդայի կազմում գործելուց, նաև առանձին հանցագործություններ են կատարել և դատապարտվել դրա համար:   

 

«Բանդա-2»-ի գործով բանդայի պարագլուխ Ռաֆայել Հարոյանը և մյուս ամբաստանյալներից Հայկ Կոջոյանն ու Կարեն Վարդանյանը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդեն իսկ դատապարտվել են, համապատասխանաբար, 6.5, 7.5 և  3.5 տարվա ազատազրկման` բնակարաններ մտնելու և գողություններ կատարելու համար:

 

Համաձայն մեղադրականի` այս երեքը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով ու միմյանց միջև դերաբաշխումներ կատարելով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ն, իսկ հետո 2012 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2013 թվականի հունվարը տարբեր անձանց բնակարաններ են մտել և գողություն արել` պատճառելով խոշոր չափի վնաս:

 

Այս գործով Ռաֆայել Հարոյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վերաքննիչ ատյանին բողոք է ներկայացրել` պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին, հակառակ դեպքում` կիրառելով համաներում` պատժի չկրած մասը կրճատել ¼-ով և նշանակել ավելի մեղմ պատիժ:

 

Վերաքննիչ դատարանում դատական նիստ է նշանակված սեպտեմբերի 11-ին:

 

«Բանդա-2»-ի գործով առանցքային կերպարներից է նաև ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը, ով նույնպես, կարծես, կազմակերպչական դեր է ունեցել «Հայբիզնեսբանկից»  ապօրինաբար առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու գործում:

 

Երկու տարի առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն որոշել նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի: Հաստատված է համարվել, որ նա,չարաշահելով քաղաքացի Հրանտ Բաղդասարյանի վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա «Մերսեդես Տ-320» մոդելի ավտոմեքենան, այն վաճառել մեկ այլ անձի և Հ.Բաղդասարյանին որևէ գումար չի տվելԴատավճիռը մտել է ուժի մեջ նախորդ տարվա ապրիլին: