Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀԱԿ-ի կողմից ներկայացված` կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ամբիոնին մոտեցողները խոսում են ժողովրդի այս կամ այն հատված անունից, և դա բնական է:
«Ես երեկ հանդիպել եմ իմ ընկերների հետ, ովքեր դասախոսներ են, նրանք տագնապած էին, որ այս վիճակում մենք պետությունը տանում ենք դեպի անդունդ: Նրանք ուղիղ մեկ ժամ քննարկում էին, թե որ երկիր պետք է արտագաղթեն իրենց ընտանիքներով: Նրանք մեղադրում էին իշխանությանը ստեղծված վիճակի համար: Բայց ես այստեղ չեմ տեսնում այդ տագնապը, որովհետև շատերն ուզում են ցույց տալ, թե ինչքան հավատարիմ են Սերժ Սարգսյանին՝ լուտանքներ թափելով ընդդիմության հասցեին: Ընդդիմությունը հիվանդ չէ, և եթե հիվանդ են, բոլորն են հիվանդ: Մեզ դասեր մի' տվեք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունների մոտ ցինիզմը հասել է այն աստիճանին, որ արտագաղթի մեջ մեղադրում են ընդդիմությանը:
Ըստ Հակոբյանի` զտարյուն քաղաքական ճգնաժամ է, և դրա ցուցիչը ԲՀԿ-ի հետ կատարված իրադարձություններն են: «Պարզվում է՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հաշված րոպեների ընթացքում կարող է անհետանալ եթերից: Ես ցանկանում եմ, որ մեր գործընկերները վերադառնան և շարունակեն իրենց գործունեությունը, բայց դա խոսում է խորը քաղաքական ճգնաժամի մասին»,- ասաց պատգամավորը:
Ռուբեն Հակոբյանը հավելեց. «Ես Սերժ Սարգսյանի ելույթից չհասկացա մի բան` դա իսկապես հավաքական թիմի պետկերացումնե՞րն էին, թե՞ պահի տակ գրված տեքստ էր, որովհետև այդքան հակասահմանադրական ելույթ չեմ պատկերացնում, որ նախագահը կարող էր ունենալ: Ձեզանից ոչ մեկն էլ չի ասել` ախր, պարո'ն նախագահ, հարիր չէ, որ սահմանադրական նորմ խախտեք ու ասեք, թե ես պետք է որոշեմ` ով ինչ հավակնություններ պետք է ունենա: Դուք ո'չ համարձակություն ունեիք, ո'չ էլ ձեր շահերից էր բխում ասել դա նախագահին»:
Նրա խոսքով՝ հանրապետականները «խնձորներ են դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ» և ամեն տեսնելիս կարծես ասում են. «Էս ո՞նց է հինգ հազար տարի ապրել հայ ազգն առանց Ձեզ»: «Դուք այդ պահվածքով կործանում եք թե' ձեզ, թե' Սերժ Սարգսյանին: Հայտարարվում է, որ քաղաքականությունը պետք է տարանջատվի բիզնեսից, բայց հաջորդ պահին հայտարարվում է, որ ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ՝ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Հայաստանը կրկեսի արենա չէ, ձեռ մի' առեք ժողովրդին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչև Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հաշտությունը հարյուրավոր ԲՀԿ-ականներ ոստիկանություն տարան, մտան ԲՀԿ-ականների հյուրանոցներ ու բացահայտեցին, որ դրանք «բորդելներ» են, իսկ հաշտեցումից հետո պարզվեց, որ այդպես չէ: «Գուցե նոր տարվա ձյունանուշնե՞րն էին, որ նվերներ էին բաժանում համարներում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա հավելեց, որ նախագահի ելույթի հաջորդ օրն այդ տեքստի բովանդակությանը համապատասխան քայլեր չիրականացվեցին: