կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 15:56
Իրավական

Թե ինչպես Կայարանցի Թևոսիկի եղբորը սպանողն անհետացավ ոստիկանների տեսադաշտից

Թե ինչպես Կայարանցի Թևոսիկի եղբորը սպանողն անհետացավ ոստիկանների տեսադաշտից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանը հետազոտեց գործի նախավերջին` 25-րդ հատորն ու լսեց գործով վկա` սպանված Արթուր Սաֆարյանի երկու հարևաններին: Նրանց հայտնած տեղեկությունները գործի համար այնքան էլ էական նշանակություն չունեին, ինչպես այս գործով դատակոչված շատ այլ վկաներինը: 

Այսօր հետազոտվեցին գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի, ըստ գործի նյութերի` նրա կողմից սպանված Մովսես Ներսիսյանի և այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանի բջջային հեռախոսներով արձանագրված տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունները:

Ըստ այդմ` պարզ դարձավ, որ սպանության գիշերը Մովսես Ներսիսյանը գտնվել է Արամի փողոցում (խմբ. այդ փողոցի շենքերից մեկում է գտնվում սպանված Ա. Սաֆարյանի բնակարանը), իսկ Իսրայել Սարգսյանը` Սարյան փողոցում: Պարզվեց, որ Մովսեսի հեռախոսից վերջին անգամ կապ է եղել 2014-ի փետրվարի 1-ին` Զովունի գյուղի տարածքում, իսկ փետրվարի 2-3-ն ընկած ժամանակահատվածում նրա հեռախոսից ո'չ մուտքային, ո'չ էլ ելքային զանգ չի կատարվել:

Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:

Դատարանում հետազոտվեց նաև Իսրայել Սարգսյանի և Մովսես ներսիսյանի նկատմամբ կատարված արտաքին դիտման վերաբերյալ ոստիկանության համապատասխան պաշտոնյայի գրությունը` ուղղված ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանին: Նշենք, որ դեպքից հետո ոստիկանության 7-րդ վարչության աշխատակիցները հետևել են Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի շարժը: Գրության մեջ ոստիկանության պաշտոնյան պարզաբանում է, որ այդ ընթացքում հնարավոր չի եղել կանխել կամ կանխատեսել Մովսես Ներսիսյանի սպանությունը, քանի որ նրանք այդ օրերին տարօրինակ վարքագիծ չեն ցուցաբերել և դիտվել են, որպես Արթուր Սաֆարյանի սպանության հետ ենթադրյալ կապ ունեցող անձինք: Ըստ ոստիկանության` օպերատիվ աշխատակիցները չեն էլ փորձել իրենց ուշադրության կենտրոնում գտնվող անձանց բերման ենթարկել կամ ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելու համար Իսրայել Սարգսյանի կողմից վարվող` Մովսես Ներսիսյանի մեքենան կանգնեցնել և նրանց բերման ենթարկել, որպեսզի իրենց օպերացիան չձախողվի: Միայն փետրվարի 3-ին են օպերատիվ աշխատակիցները կասկածել, որ Մովսես Ներսիսյանը հնարավոր է սպանված լինի, քանի որ նրա հեռախոսից որևէ կապ չի եղել, և որ նա անհետացել է իրենց տեսադաշտից:

Այս կապակցությամբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հայտարարեց. «7-րդ վարչության աշխատակիցները պատահական մարդիկ չեն, նրանք մեծ փորձ ունեցող մարդիկ են, և չէր կարող այդ մեքենան հենց այնպես անհետանալ նրանց տեսադաշտից, «Մագնումից» սլանալ Զովունի կամ օդանավակայան: Կամ` մի՞թե հնարավոր չէր ՃՈ աշխատակիցներին տեղեկացնել և նրանց հանձնարարել խախտման համար կանգնեցնել մեքենան ու զննել, դրանով բոլոր կասկածները կփարատվեին, կպարզվեր թե քանի մարդ կա մեքենայում, բեռնախցիկում ինչ կա և այլն: Պարզապես Մովսեսին պետք  էր, որ որոշ մարդիկ իմանային, որ ինքը սպանված է, որ հանգիստ հեռանար երկրից»:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: