կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 20:23
Առանց Կատեգորիա

Թուրքական անդունդի վրայով երկու ոստյունով չեն ցատկում

Թուրքական անդունդի վրայով երկու ոստյունով չեն ցատկում

Հայաստանում սրտատրոփ սպասում են, թե ինչ է պատասխանելու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը մասնակցելու` Սերժ Սարգսյանի հրավերին: Երևանում հավանաբար մտածում են, թե չափից ավելի ճկուն քաղաքականություն են վարում՝ Անկարային դիվանագիտական թակարդը գցելու, վարչապետ Էրդողանին անցանկալի երկընտրանքի առջև կանգնեցնելու և ամենակարևորը՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մեկնարկը 2009-ի ֆուտբոլային դիվանագիտության ֆալստարտից հետո վերստին տալու նպատակով:

 

Էրդողանը փաստացի այդ հրավերին պատասխանեց, նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում ձևավորվելով նոր, էությամբ շատ ավելի հակահայկական կառավարություն, որի հետ առողջ երկխոսության հնարավորությունները գործնականում հավասար են զրոյի: Արտաքին հարաբերությունների համար պատասխանատու երկու առանցքային պաշտոնները վերապահվեցին մարդկանց, որոնք հայկական հարցում, անկասկած, շատ ավելի ռեակցիոն են, քան նույնիսկ նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանը: Վարչապետի պաշտոնը զբաղեցրեց նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որի անցած տարիների պաշտոնավարման միակ ձեռբերումը եղավ «զրո խնդիր հարևանների հետ» տխրահռչակ բանաձևի կատարյալ տապալումը` անխտիր բոլոր ուղղություններով, և Ցեղասպանության ուրացման նոր, ավելի ճկուն մարտավարության որդեգրումը:

 

Արտգործնախարարի պաշտոնում նշանակվեց Մեւլութ Չավուշօղլուն, ով ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մի քանի տարիների ընթացքում եվրոպական այդ կառույցը դարձրել էր թուրք-ադրբեջանական լոբբինգի գերին, և ով երբևէ չի թաքցրել ադրբեջանական ազդեցության գործակալը հանդիսանալու փաստը, Բաքվի շահերը միանշանակ և ցանկացած հարցում պաշտպանելու իր մոլուցքը: «Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես ջանքեր եմ գործադրելու այնքան, որքան իր արտգործնախարարը: Բոլոր հարցերում մենք միավորելու ենք մեր ուժերը, այդ թվում նաև՝ երևակայական «հայերի ցեղասպանության» խնդրում» ,- հայտարարել է Չավուշօղլուն արտգործնարարար դառնալուց հետո:

 

Իսկ վարչապետ Դավութօղլուն Թուրքիայի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը ներկայացնելիս հայտարարել է, թե Անկարայի համար առաջնահերթություն է լինելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը «Ադրբեջանի հողերի եւ Լեռնային Ղարաբաղի «բռնազավթմանը» վերջ դնելու, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության վերացման» միջոցով:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, Դավութօղլուն նշել է, թե Հայաստանից սպասում են «ոչ թե պատմությունից քեն քշել, այլ փոխհամագործակցության առաջը բացող, ընդգրկուն, արդար հիշողության փնտրտուքի մեջ մտնող գաղափարի ուղղորդմանը եւ մեր նախաձեռնություններին առաջադեմ տեսակետներով պատասխանների»: Ըստ էության՝ սա բաց ակնարկ է այն մասին, որ քանի դեռ հայկական կողմը պնդում է Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչը Դավութօղլուի մեկնաբանությամբ հնչում է որպես «պատմությունից քեն քշել», հարաբերությունների կարգավորման մասին հնարավոր չէ խոսել:

 

Ահա այս պայմաններում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի նորընտիր նախագահին հրավիրում Հայաստան: Փորձում է կատարել դիվանագիտական ինչ-որ հնարամիտ քայլ, որը լավագույն դեպքում ի սկզբանե անարդյունք է, դատապարտված ֆիասկոյի, վատագույն դեպքում՝ Թուրքիայի համար մերժողականության դաշտում նոր մանևրումների և Ցեղասպանության 100-ամյա տարելիցը արժեզրկելու, քաղաքականության մանրադրամ դարձնելու դաշտ է ստեղծում: Գրեթե կասկած չկա, որ Էրդողանն ինչ-որ կերպ այդ հրավերը կօգտագործի՝ Թուրքիայի վրա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ճնշումը թուլացնելու համար, և այստեղ որևէ նշանակություն չունի՝ դա կարվի՞ Երևան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ, թե՞ ոչ: Ամենատարակուսելին Էրդողանին հրավիրելու հարցում նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի` չհիմնավորված շտապողականությունն է:

 

Էրդողանը, անկասկած, Աբդուլլահ Գյուլը չէ, որը կարող է իբրև երկխոսության նախաբան ընտրել իր կնոջ կողմից պատրաստված թխվածքաբլիթների համի քննարկումը` դեմքի լայն ժպիտով: Ցեղասպանության հարցում նրա կարծր դիրքորոշումը, անկախ տարատեսակ, արտաքուստ գուցե շփոթեցնող, առաջադիմական թվացող ժեստերից ու հայտարարություններից, պետք է ստիպեր առնվազն հասկանալու, թե ինչպիսի նոր իշխանության հետ է գործ ունենալու և որքանով է տրամաբանական այսպիսի իշխանությունից կամ կառավարությունից նման ակնկալիքներ ունենալը: Ֆուտբոլային դիվանագիտության տապալման ֆոնին այս հրավերը ավելի շատ կրկին, ջուրը չտեսած, բոբիկանալ է հիշեցնում, դեռ խաղը չսկսած՝ քարտերը բացել:

 

Բայց եթե առաջին անգամ սխալվելը կարող է անփորձության նշան լինել, երկրորդ անգամ նույն սխալը կատարելն արդեն խոսում է հիվանդագին ախտանշանների մասին: Ինչպես Բայրոնն էր ասում՝ «Չկա ավելի կոպիտ սխալ, քան անդունդի վրայով երկու ոստյունով ցատկելը»:

 

Գևորգ Աղաբաբյան