Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գործող իշխանութիւնն իր անխոհեմ քայլերի պատճառով ոչմիայն երկիրը կանգնեցրել է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ, այլեւ լուրջ հարւած է հասցրել ազգային անվտանգութեանը:
Մի կողմից արտաքին եւ ներքին ձախողւած քաղաքականութիւնները, իսկ միւս կողմից համաճարակի դէմ պայքարի շրջանակում չմտածւած քայլերը, իշխանութեանը հասցրել են անդունդի եզրին:
Երկիրը ճնշման ներքոյ է յայտնւել իշխանութեան ոչ հաւասարակշռւած արտաքին քաղաքականութեան հետեւանքով, որտեղ նկատի չեն առնւում ոչ Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնն ու շահերը եւ բարեկամ երկրների հետ յարաբերութիւնները եւ ոչ էլ այն փաստը, որ նշւած երկրներում ապրող հազարաւոր հայերի անվտանգութեան ապահովումը նոյնպէս Հայաստանի իշխանութեան արտաքին քաղաքականութեան խնդրներից է:
Գործող իշխանութեան ներքին քաղաքականութեան շրջագծում ձեռքբերումները անցնող երկու տարիների ընթացքում հետեւեալն են եղել՝ ժողովրդին սեւի ու սպիտակի բաժանելով նրանց միջեւ պառակտում առաջացնելը, ուրիշների տեսակէտների անտեսումը, հակառակ տեսակէտ ունեցողներին «նախկին իշխանութեան գործակիցներ» անւամբ պիտակաւորելն ու նրանց «պատմութեան աղբանոց նետել»-ը, քաղաքական գործիչների նկատմամբ հաշւեյարդար իրսկսնսցնելը, իշխանութեանն օգնութեան ձեռք մեկնող քաղաքական ուժերին անտեսելը, փողոցային բառապաշարով անարգելը, եկեղեցական, ազգային ու հասարակական արժէքների ոտնահարումը եւ բազմաթիւ այլ երեւոյթներ: Դեռ այս շարքում չեմ թւարկում «տնտեսական յեղափոխութիւն»-ը եւ այլ խոստումներ, որոնք այդպէս էլ իրականութիւն չդարձան:
Համաճարակի հետ կապւած վարչապետի ոչ պատասխանատու եւ անլուրջ յայտարարութիւնները եւ կորոնավիրուսով վարակւելուց յետոյ միայն հինգ օրերի ընթացքում ընտանեօք ապաքինւելը, ինչը կորոնավիրուսի պատմութեան մէջ կարելի է համարել եզակի դէպք, դարձել են օտար երկրների լրատւամիջոցների ծաղրի առարկան:
Մի խօսքով Փաշինեանն ու իր թիմակիցները ժողովրդին վահան դարձնելով շարունակում են երկիրը դէպի անդունդ տանել եւ նկատի չեն առնում, որ հայրենիքը շրջապատւած է թշնամիներով ու չի կարելի անտեսել երկրի եւ ժողովրդի անվտանգութիւնն ու Արցախի հիմնահարցը: Իհարկէ մեր ժողովուրդը գիտակից է եւ շուտով բացայայտելու է այս իշխանութեան իրական դէմքը, եւ մեզ մնում է միայն յոյս ունենալ, որ մինչեւ այդ օրը հայժողովուրդը թանկ գին չի վճարի այս բոլորի համար, ինչի մասին Հայաստանի քաղաքական ուժերը, մտաւորականներն ու քաղաքագէտները բազմիցս զգուշացրել են իշխանութեանը:
Պրն.վարչապետ, դեռ ուշ չէ ձեր սխալը ուղղելու՝ յանուն մեր ժողովրդի բարօրութեան ու երկրի անվտանգութեան. Դեռ ուշ չէ՝ բոլոր ուժերը համախմբելու եւ երկրի դիմաց ծառացած մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու համար: Այլապես եթէ նոյն ոճով շարունակէք ձեր գործունէութիւնը, դուք շուտով կըյայտնւէք ձեր ասած պատմութեան աղբանոցում. Մի մոռացէք, որ կանգնած էք անդունդի եզրին:
Վահէ Թորոսեան
Նոր Ջուղա
13.6.2020