կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 13:41
Քաղաքական

Փաշինյանի «նեմեսիսը», Սիմոնյանի թռիչքը ՔՊ-ի «բնի» վրայով և թուրքական նախապայմաններով Միրզոյանի բանակցությունները․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի «նեմեսիսը», Սիմոնյանի թռիչքը ՔՊ-ի «բնի» վրայով և թուրքական նախապայմաններով Միրզոյանի բանակցությունները․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանը մի քիչ ագրեսիվ է, բայց որ Ղարաբաղը զիջենք միգուցե հանգստանա․ համ էլ՝ Թուրքիան լավն է» քարոզչափուչիկը Թուրքիան այսօր պայթեցրեց։

Այսօր երեք զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։

ԱՄՆ

Արարատ Միրզոյանը և նրան կցված Ռուբեն Ռուբինյանը (կամ՝ հակառակը) Միացյալ Նահանգների հովանու ներքո բանակցում են թուրքական նախապայմաններով Ադրբեջանի օրակարգը բավարարելու շուրջ։ Եվ այդ ամենը տեղի է ունենում Բերձորի (Լաչինի) փակված միջանցքի, այդ միջանցքում ադրբեջանական հենակետի առկայությամբ։ Այսինքն՝ Երևանը բանակցում է ատրճանակի փողի տակ։

Հայաստանն ԱՄՆ–ում ոչ թե սեղանի շուրջ է, այլ՝ սեղանի վրա։ Բանակցում են ուրիշները։ Բանակցում են հակաիրանական ու հակառուսական թեմաներով։ Հայաստանն ու Արցախը մանրադրամ են։

ԱՄՆ–ում ընթացող բանակցություններն ամբողջությամբ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում են տեղի ունենում, ըստ որի՝ Արցախն ադրբեջանական է համարել Նիկոլ Փաշինյանը։ Դա է պատճառը, որ շրջանառության մեջ է մտել «էթնիկ փոքրամասնությունների» մասին թեման։

Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանն իրեն վատ է պահել՝ Երևանում Նեմեսիսի արձան է բացել, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ագրեսիվ վարք ունի։ Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի գերզիջողականության ու կապիտուլյացիայի տանող «խաղաղասիրության» ֆոնին։

Չավուշօղլուն ասել է, որ հայերի սխալ պահելու պատճառով են իրենք փակում Թուրքիայի օդային ճանապարհը հայկական տարածքից թռչող ինքնաթիռների համար։ Թուրքիայում գտնվող Ալեն Սիմոնյանն, ըստ այդմ, թռել է ՔՊ–ի «բնի» վրայով։

Չավուշօղլուն նաև սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ իրենք համապատասխան միջոցներ կկիրառեն։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի թուրքական հեքիաթը, որով նա կերակրում էր իր փոքրաթիվ լսարանին, զրոյացվեց։ Նա փորձում էր համոզել, որ Թուրքիայի հետ խաղաղություն ու բարգավաճում է բերելու, բայց թուրքերը ցույց տվեցին, որ նման խնդիր չունեն և Երևանում նույնիսկ արձան տեղադրելը պետք է իրենց հետ ճշտվի։

Թուրքիան «նեմեսիսի» ենթարկեց փաշինյանական քարոզչափուչիկը և անցավ ագրեսիայի լեզվին։ «Ժողվարչապետը» զրկվեց վերջին քարոզչագործիքից»։