կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 22:50
Առանց Կատեգորիա

Արարատյան դաշտում, անդունդի եզրին

Արարատյան դաշտում, անդունդի եզրին

Իմ պատանության  կուռքերը  վաղուց  հանցագործ  են հայտարարված:

 

Ընկերներիս  մի  մասին  սպանեցին   պատերազմում,  ոմանց  սեփական  մուտքի  պատի  տակ,  ոմանք  բանտարկված  են,  մեծ մասն  արդեն  ուրիշ  երկրի  քաղաքացի  են:

 

Իմ  ավարտած  ԲՈՒՀ-ի   այսօրվա   ղեկավարները  մեր  ջահելության  փոխարինող  կազմից  են,  որոնք  այն  ժամանակ  այդպես  էլ  խաղադաշտ  չմտան`ուղղակի  վազվզեցին  դաշտի  եզրին` իբր  պատրաստվում  են  դաշտ  մտնել: Դաշտ  մտան,  երբ  հիմնական  կազմից  էլ  մարդ  չկար:

 

Դպրոցը,  որն  ավարտել  եմ`  ուրիշ  անուն  ունի. ավելի  լավ  անուն,  բայց`ուրիշ:

 

Կինոթատրոնը,  որից  սկսվել  է  իմ  կինոն` դարձել  է  «գինետան  բաժակի  նման  ձեռքից  ձեռք  անցնող  մի  աղջիկ»,  որտեղ էլ կինո  ցույց չեն տալիս:

 

Իմ  հայրական  տան  շենքում  այլևս  հին  հարևան  չի  մնացել:

 

Իմ  նոր  տունը  կառուցված  է  իմ  համադասարանցիներից  մեկի  հայրական  հին  տան  տեղում , ու   դա  սարսափելի  է:

 

Գետակի  վրա  էլ  չի  թեքվում  ուռին,  որովհետև  ուռին  հատած  է,  գետը` ցամաք:

 

Նույնիսկ  «Նաիրիտը»  մեռավ,  որի  դեմ  անհույս  թվացող  պայքարից  սկսվեց  հեղափոխությունը:

 

Երրորդ  մասի  թունավոր  օդը  հիմա  մաքուր  է , ինչպես  Բադեն- Բադենի  մթնոլորտը,  որովհետև  երկինք  բարձրացող  միակ  ծուխը  էժան  ձեթի  մեջ  տապակվող  էժան  կարկանդակի  հոտն  է:

 

Գրողների  միության  դահլիճում  էլ  ժողովներ  չեն  լինում  ,  որոնք  սպառնում  են  փոխել  կյանքը: Տեսնես  ինչից  կլինի: Գրողների միությունում միայն «հայաթի» կռիվներ  են:

 

Հոգևորականն  ատրճանակով  է, տասներորդցին` ավտոմեքենայով  ու  ոչ  ոք  հավատ  չունի:

 

Արարատյան  դաշտի  զավակներն  իրենց  12-ամյա  գիտելիքի  համար  հաշվետու են լինում հետևյալ  թեստի  առաջ  նշան  դնելով. Հովհաննես  Թումանյանը`

 

ա/ կինոդերասան է

 

բ/ քաղաքական  գործիչ

 

գ/ բանաստեղծ

 

Եվ, վերջապես Ղարաբաղը, որի ազատագրման պայքարով  սկսվեց բոլորի  շարքայինից հանրաճանաչ դառնալու  թռիչքը, հայտնությունը ու հետո հարությունը` հիմա խանգարում է նրանց, ում ինքը հայտնի է դարձրել ու հասցրել ամենաբարձր աթոռին:

 

Մեզ ճակատագրով, թե մեր ստկարամտությամբ բաժին հասած  իշխանություններն այնպիսին  եղան, որ Տեր- Պետրոսյանի`հեռանալիս ասված «մինչև ազգովին չխնդրեք `չեմ գա»-ն կարողացավ իրականություն դառնալ: Օրեօր ավելացան մոլեռանդները ու խոսելը դժվարացավ:

 

2008-ից սկսած  հազար անգամ խոսք զսպելով լուծվում էր երկու հարց. նախ,  լռելու դեպքում մեխանիկորեն  չէիր  դառնում  հօգուտ իշխանության խոսք ասող, որովհետև ընդդիմությունն անմիջապես իր հաշվեմատյանում  քեզ դարձնում էր իշխանամետ, իսկ տվյալ իշխանության դեպքում դա  լավ չէր բնութագրում մարդուն, և երկրորդ` լռությամբ լուծվում էր  անձնական վիրավորանքներից խուսափելու կարևոր հարցը, քանի որ  այդ ավանդույթը ձևավորվեց արագ ու կոշտ ավանդույթ դարձավ: Ընդդիմությանն ուղղված ցանկացած խոսքի փորձ ու թոթովանք  հաջորդ առավոտ դառնում էր կուտակված մաղձի   շատրվան , ընդ որում մարդուն ճանաչելն ու նրա դավանած արժեքներին ծանոթ լինելը   պարտադիր չէր, իսկ ցանկություն չկար: Ուրեմն մնում էր լռությունը:Թեև ընդդիմությունը կենդանի էր , բայց նրա հանդեպ խոսքի խանդաղատանքը այսպիսին էր. կամ` լավը, կամ ոչինչ`բացառությամբ մի քանիսի, որոնք խոսեցին ու կորան ցեխի մեջ:

 

Առաջին անգամ`սկսած  2008-ից ,  այս հոդվածը  ստացվեց ինքնաբերաբար` Լևոն Տեր –Պետրոսյանի, «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ին տված հարցազրույցից հետո: Այդ հարցազրուցը շատերին հետաքրքրեց միայն քաղաքական տեսանկյունից, բայց  այն շատ ավելին էր, քան միայն ԽՍՀՄ փլուզման ու Ղարաբաղյան կոնֆլիկտի հետադարձ վերլուծությունը կամ աշխարհին իր մասին լուր տալը, թե ինչ հեռանկարներ կան իր  դեպքում: 

 

Երկար, իսկ վերջին  երեք տարում ավելի անթաքույց,  ժողովրդին պարտադրվում է հայ և ղարաբաղցի դեմարկացիան, ու անկախ Հայաստանի ամբողջ ընթացքում  որպես մարդկանց  հիասթափությունների  ու դառնության  պատճառ մատնացույց է արվում Ղարաբաղը , երբեմն «ղարաբաղցիք» ձևակերպումով:

 

Վերջին, «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ին տված հարցազրույցում  Տեր-Պետրոսյանը նորից  արեց նույնը. «Երբ էր ավելի մոտ լիարժեք խաղաղությունը» հարցին, առաջին նախագահը պատասխանում է. «97 թ-ին: Կարելի էր որոշ  տարածքները հանձնել  Ադրբեջանին, հաստատել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետո վերջնական կարգավիճակ: Բայց ղարաբաղցիները չթողեցին: Նրանք գտնում էին դա քիչ է, մաքսիմալիստական մոտեցում կար, մտածում էին կարելի է ավելի սեղմել և ավելին ստանալ :Ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ թիմում կային այդպիսիք»:

 

Տեր-Պետրոսյանի պատասխանի մեջ  ականջդ սղոցում է «ղարաբաղցիները  թույլ չտվեցին» -ն ու «մաքսիմալիստ»-ը : Առաջին հերթին, որովհետև երկրի նախկին և գուցե ապագա նախագահից տարօրինակ է լսել   տարանջատումը երկրի մի հատվածի, որի միացման համար էր սկսվել այս կյանքերի ու կենսագրությունների հեղաշրջումը: Իսկ ղարաբաղցիներին «մաքսիմալիստ»  որակելը հիշեցրեց  Մ. Գորբաչովի «էքստրեմիստը», բայց ուղղված Լևոն Տեր- Պետրոսյանին ու ընկերներին, որոնք «նույնիսկ երկրաշարժից հետո Ղարաբաղ են պահանջում»/Մ. Գորբաչով/:

 

Իհարկե ,հայաստանաբնակ ղարաբաղցիների մեծ մասը, լինելով շարքային հայ, ունի  այն նույն տեղային մտածողությունը, ինչ արարատցին, հրազդանցին, գյումրեցին ու բնազդաբար իրենց համերկրացու կողմնակիցն են, եթե   նույնիսկ չկա դրա համար որևէ օբյեկտիվ պատճառ,եթե  անգամ չունեն ու չեն կարող ունենալ որևէ շահ:

 

Բայցևայնպես, Հայաստանում կան ղարաբաղյան ծագում ունեցող  մարդիկ, որոնց գնահատման միավորը համերկրացի լինել-չլինելը չէ ,բոլորովին,  և կարողանում են  տեսնել, որ համերկրացիները  իրենց երազանքի երկրի համար ծանր փորձություն են : Եվ նույնիսկ սա կապ չունի ասվածի հետ , պարզապես ինչու այս  մարդիկ լուռ են,  երբ  ընդդիմությունը ժողովրդին պարտադրում է հայ ու ղարաբաղցի դեմարկացիան ու շատ բան խորությամբ չընկալող ու դժգոհ մարդիկ այստեղ են տեսնում  անկախ Հայաստանի ողջ ընթացքում իրենց տեսած բոլոր հիասթափությունների ու դառնության գաղտնիքը:

 

Տեր- Պետրոսյանի  հարցազրույցի տեքստային տարբերակում ասված է «Ղարաբաղը թույլ չտվեց», այն դեպքում, երբ հարցազրույցի ընթացքում նա ասել էր «ղարաբաղցիները»: Թվում է ոչ մի էական տարբերություն, բայց հենց այս տարբերության անտեսումը վաղուց բերում է երկրի ներսում լուրջ հակադրության ու Ղարաբաղի հանդեպ հայաստանաբնակների ալերգիկ ռեակցիայի:

 

Ի վերջո, ովքեր են այդ ղարաբաղցիները: Եթե Տեր- Պետրոսյանին հաջորդած երկու նախագահների մասին է խոսքը, ուրեմն նախ պետք է նշել անունները , որ ռադիոակտիվ ճառագայթումը չտարածվի  ժողովրդի ու երկրի վրա, հետո , եթե «ղարաբաղցիները»  հենց նրանք են `երկու նախագահները , ուրեմն  ստացվում է նրա՞նք պահեցին Ղարաբաղը: Մի՞թե առաջին նախագահն այդքան անզգույշ արեց երկու նախագահների PR-ը: Եթե դա Ղարաբաղն էր իր հրամանատարներով, ուրեմն սա արդեն լուրջ երկիր է, որի հետ դժվար է քարկտիկ խաղալ:

 

Բայց ինչ էլ որ լինի, ահավոր վտանգավոր հուշարարություն է վաղուց դժգոհ ժողովրդին իր հիասթափությունների պատճառի տեղը ցույց տալ Ղարաբաղում: Ղարաբաղի բարդ խնդրից ազատվելու ամենաանբարո տարբերակը ատելություն հասունացնելն է այդ երկրի, ու հետևաբար հարցի նկատմամբ:

 

Ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը ու հակադրելու քաղաքականությունը շատ հեռվից է գալիս: Դա  սկսվել էր  ավելի վաղ, քան  Քոչարյանի  ու  Սարգսյանի նախագահ դառնալը, հետո հասունացավ նրանց պատճառով   ու հրաշալի օգտագործվում է նրանց հակադիր ուժի կողմից:

 

Երբ սկսվեցին  2008-ի ցույցերը,  երկրում արմատական փոփոխությունների ակնկալիքով  ես էլ հրապարակում էի, մինչ այն պահը, երբ հարթակից հնչեց «ղարաբաղցիներ ու հայորդիներ» «փառահեղ» հակադրությունը: Քանի որ ես գենետիկորեն պատկանում էի առաջիններին, այլևս հրապարակ չգնացի:

 

Օրեր առաջ Պետրոս Մակեյանը «ենիչերի» բառն է օգտագործում ու չի հասկացվում խոսքը վերաբերում է երկու՞ հոգու, մի քանիսին, թե՞ ամբողջությամբ Արցախին:

 

Ովքե՞ր են  ենիչերիները, ոչ հայորդիները. Արթուր Մկրտչյա՞նը, Արցախ Բունիաթյա՞նը, որ ճակատում վիրահատություններ էր անում մի քանի տարի, մարտակերտցի Առուշանը, որ տունը տվել էր  հոսպիտալ սարքեն ու ինքը գոմում էր ապրում, թե կանայք, որ գերանդիով դուրս էին գալիս իրենց գյուղ մտած ադրբեջանցիների դեմ, որ չբռնաբարվեն, չմորթվեն ու հետո երկար ու  ձիգ տարիներ չպատմեն մանրամասները` երգերով ու պատմություններով:

 

Վատ չէր լինի եթե ղարաբաղից եկած երկու նախագահները առանց քաղաքական տեքստերի, ուղղակի մարդկայնորեն, գոնե այս անգամ, դիմելով երկրին ասեն, որ իրենց  հանդեպ դժգոհությունը չի կարելի  տարածել  մի ամբողջ երկրամասի ու ազգակիցների վրա, լավ կլիներ իրենք ասեին. «մի կուլ տվեք վտանգավոր խայծը»:

 

Վտանգավոր տեղ  են տանում երկիրը ու էլի հոիզոնում չկա այն նախագահը, որ կանգնի Արարատյան դաշտում` անդունդի եզրին  ու չթողնի, որ գլորվենք:

 

Լուսինե Հովհաննիսյան