Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար։ Մեր տնտեսությունն իր վրա կրեց ինչպես համավարակով պայմանավորված ճգնաժամի հարվածներն, այնպես էլ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սկսված ռազմական ագրեսիայի ծանր հետևանքները։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,6 տոկոսով։ Ընդ որում, շինարարության ոլորտը նվազել է 6,6 տոկոսով, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը նվազել է 4 տոկոսով, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը նվազել է 11,7 տոկոսով և այսպես շարունակ։
Տնտեսական աննախադեպ ծանր վիճակի մասին է վկայում նաև այն, որ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է 22154 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, ընդ որում, միայն 7760–ը՝ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Իսկ 2020 թ. ընթացքում լուծարվել կամ հաշվառումից հանվել է 4918 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր։ Այս վիճակագրությունը փաստում է այն մասին, որ հազարավոր բիզնեսներ ուղղակի սնանկացել են, իսկ շատերն էլ հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար նախընտրել են ժամանակավորապես դադարեցնել իրենց տնտեսական գործունեությունը։
Հատկանշական է, որ ճգնաժամի ամենամեծ հարվածը ստացել է փոքր և միջին բիզնեսը, որն ավելի խոցելի վիճակում է հայտնվել, քանի որ կառավարության աջակցության ծրագրերից և հարկային արտոնություններից հիմնականում օգտվել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Ըստ էության, կառավարության հակաճգնաժամային ծրագրերով ոչ միայն չի հաջողել զսպել օրեցօր խորացող ճգնաժամը, այլև ոչ նպատակաուղղված քաղաքականության արդյունքում նոր աղետի առաջ ենք կանգնել։ Տնտեսվարողների գործունեության դադարեցման հետևանքով փակվել են բազմաթիվ աշխատեղեր և զգալիորեն նվազել են հարկային մուտքերը։ Եվ դրա արդյունքում է, որ Հայաստանը նույնիսկ կանգնեց թոշակներն ու աշխատավարձերը վճարելու խնդրի առաջ։ Արդյունքում Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության է եկել պետական պարտքը նվազեցնելու խոստումներով, այս իրավիճակը հաղթահարելու այլ ել ք չգտավ, քան նոր պարտք վերցնելն է։
Ֆինանսների նախարարությունը նախատեսում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 66,3 տոկոս է կազմելու։ Սա այն պարագայում, որ վերջին 20 տարում՝ 2000 թվականից սկսած, կառավարության պարտք-ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը դեռևս չի հատել 60 տոկոսի սահմանագիծը։ Սակայն խնդիրն այն է, որ պետական պարտքի ներգրավումը ոչ թե տնտեսությանը թափ հաղորդելու, այլ տնտեսական «հրդեհը» ժամանակավորապես մարելու խնդիր է լուծում։ Իսկ վերականգնման փոխարեն տնտեսության անկումը շարունակվում է։ Եվ պատահական չէ, որ վիճակագրական կոմիտեն վերջերս ներկայացրել է 2021 թվականի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հունվարի նկատմամբ, որից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով։
Այնպես որ, դեռևս վաղ է խոսել տնտեսության առողջացման մասին, լրիվ ընդհակառակը, այնինչ Փաշինյանը միանձնյա վճռել է, որ տնտեսությունն արդեն մտել է վերականգնման փուլ՝ նկատի ունենալով միայն այն, որ փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020 թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Իրականում իրադրությունն այնքան բարդ է, որ մասնագետներն անգամ քիչ իրատեսական են համարում 2021 թվականի համար 3,2 % տնտեսական աճի հասնելու նպատակը։
Դեռ ավելին՝ երկրում քաղաքական անկայունությունը, գնաճը և դրամի արժեզրկումը նոր փորձություններ են խոստանում, իսկ ժամանակն ապացուցում է, որ գործող կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ դիմագրավել այդ փորձություններին։ Ուստի տնտեսական կոլապսի հավանականությունն ավելի է մեծանում, և այս իշխանությունների պատճառով հասել ենք սոցիալ-տնտեսական անդունդի եզրին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: