կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 17:47
Մշակույթ

«Սոցիալական փոփոխությունների կինո»` պայքար իրականության դեմ

«Սոցիալական փոփոխությունների կինո»` պայքար իրականության դեմ

«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի այս տարվա նոր ծրագրերից մեկն էլ` culture.pl-ի մի շարք ցուցադրություններն ու սեմինարներն են՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով:

 

Ծրագրի համադրող Ռիչարդ Պենյեի հավաստմամբ` իրենց հիմնական նպատակը ցույց տալն է, թե ինչպես են մարդիկ որոշում կայացնում և հասարակությունը, իրականությունը փոխում: Տեղեկացնենք, որ ծրագիրը կբացվի լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առաջադրել էր «Օսկար» մրցանակի:

 

«Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Մենք ընտրել ենք այն ֆիլմերը, որոնց որակը գերազանց է: Մեր գաղափարն ավելի շատ պտտվում էր այն երկրների շուրջ, որտեղ ժողովրդավարությունը նոր-նոր էր զարգանում, և մարդիկ չեն կարողանում իրենց ակտիվությամբ ինչ-որ բան փոխել: Ֆիլմերը կարող են փոխել մարդկանց, մարդիկ էլ` աշխարհը, սա է հիմնական մեր առաքելությունը»,- ասաց Պենյեն:

 

Նրա կարծիքով` ֆիլմերի հերոսներն արտահայտում են իրականությունը, կյանքի իրական պատկերը: Ֆիլմերը, Պենյեի հավաստմամբ, երկխոսության հրավեր են: Ծրագրի հեղինակները վստահ են, որ ֆիլմերը կազդեն մարդկանց վրա, և շատերն իրենց հայեցակետերում որոշակի փոփոխություններ կմտցնեն:

 

 Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որ ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում են: Նրանց ընդդիմությունն այն ամենին, ինչ համարում են անարդարություն, հաճախ հանգեցնում է բախման իրենց կառավարության, համայնքի և նույնիսկ ընտանիքի հետ: